Նորություններ

«Թուրքին միշտ էլ շնչահեղձ է արել հայի ներկայությունը, ճիշտ է, հիմա իրենք հաղթող կողմն են, բայց էլի վախենում են հայից». Խրամորթի գյուղապետ

Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանի խոսքով՝ անհասկանալի է, որ էս իրավիճակում դեռևս կան միամիտ մարդիկ, ովքեր հավատում են, որ թուրքի հետ հնարավոր է հասնել խաղաղության:

«Վերջին հրետակոծություններից հետո գրեթե կրակոցներ կամ որևէ այլ սադրանք չենք նկատել: Կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ գյուղում իրավիճակը հանդարտ է, ամեն մարդ իր գործին է. էսօր մարդիկ եմ տեսել, որ իրենց այգում գործ էին անում: Սովորաբար լարված է լինում, երբ Հայաստանում իրավիճակը խառն է լինում, դա անպայման անդրադարձ է ունենում Արցախում, բայց դեռևս հանդարտ է: Ես հիմա չգիտեմ՝ ինչ են խոստացել, կամ ինչ կա թուրքի լռության տակ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը:

Նրա փոխանցմամբ՝ հայ զինվորների հետ հավասար իրենց գյուղը պահում են ռուս խաղաղապահները: Ասում է՝ մենք էլ անում ենք՝ ինչ մեզնից կախված է, գյուղի տղամարդիկ կանգնած են հայ զինվորների թիկունքին, պոստ պահող տղերքը պիտի իմանան, որ իրենց թիկունքն ամուր է:

«Չնայած պետք է ասեմ, որ ոչ բոլոր տարհանված բնակիչներն են վերադարձել: Կանայք գալիս են իրենց տանը տիրություն անում, էլի գնում են: Երեխաներին ընդհանրապես չենք թողնում, որ գան, որովհետև թուրքի փլավին աղ չի գցվի, նրանց համար կին, երեխա, ծեր մարդ  տարբերություն չկա: Ես որ խոսում եմ մարդկանց հետ, դուխները տեղն է, կոտրված չեն, դե սպասում ենք էլի, որ մի լավ բան կլինի, մարդիկ կկարողանան հանգիստ իրենց տներում ապրել: Հիմա հանդարտ է, բայց ես էլի եմ կրկնում, որ այդ խաղաղությունը կայուն չէ, որովհետև չի կարող կայուն խաղաղություն լինել, երբ չլուծված հարցեր կան: Ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ քանի դեռ Արցախում հայ է ապրում, թուրքի համար Արցախի հարցը լուծված չէ, չնայած Ալիևը հոխորտում է, որ ինքը ուժով լուծել է հարցը:

Ինձ համար անհասկանալի է, որ էս իրավիճակում դեռևս կան միամիտ մարդիկ, ովքեր հավատում են, որ թուրքի հետ հնարավոր է հասնել խաղաղության: Դեռ 90-ականներին, երբ մենք հաղթած կողմն էինք, մի  քանի անգամ փորձել են մեր գյուղը վերցնել, մի քանի անգամ ազատագրել ենք գյուղը: Թուրքին միշտ էլ շնչահեղձ է արել հայի ներկայությունը, ճիշտ է, հիմա իրենք հաղթող կողմն են, բայց էլի իրենք վախենում են հայից, նրանք  շատ լավ գիտեն, որ հայը հող ազատագրող է, իրենց նման շակալ չէ»,- ընդգծեց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը:

Նրա հորդորն է՝ ուզում եք Արցախը պահել, ուրեմն պիտի թողնեն ճառերը, հիմա գործ պիտի արվի, Արցախը լոզունգներով հնարավոր չէ պահել, իսկ մինչև հիմա միայն լոզունգներ ենք լսում:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button