Նորություններ

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու դի. նա բարձրությունից ընկել է ամրանների վրա

Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որ կանչով մեկնել են Վերին Անտառային  136/11 հասցե, որտեղ նոր կառուցվող էլիտար շենքում հայտնաբերել են տղամարդու դի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Խ. Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության  բաժանմունքի ծառայողները՝ օպերալիազոր Միքայել  Գարակյանի գլխավորությամբ, պարզել են՝ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա  Անդրանիկ Քեշիշյանն էր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս աշխատում էր նշված շինարարարությունում և երկրորդ հարկի բարձրությունից ընկել է ներքև, հայտնվելով երկաթե «արմատուրաների» վրա:
Նրան այնտեղից դուրս են բերել շինարարության մյուս աշխատակիցները և  ահազանգել են շտապօգնություն: Ժամանած բժիշկները արձանագրել են նրա մահը:

Նշված շինարարության մուտքի մոտ կար ցուցանակ, որում գրված է. «Երևան, կենտրոն վարչական շրջան, Վերին Անտառային  136/11, բազմաբնակարան բնակելի համալիրի ստորգետնյա և վերգետնյա հարկերով հիմնակմաղքի շինարարական աշխատանքներ»:
Պատվիրատուն Երևանում հաշվառված «էԼԻԶ» ՍՊԸ-ն է, կապալառուն՝ Երևանում հաշվառված «Բիդեք» ՍՊԸ-ն է, հեղինակային հսկողությունը իրականացնում է Երևանում հաշվառված «ՎԱ-ՄԱՅՆԴ»  ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողութունը իրականացվում է «Արթուր Աբելյան Աշոտի»  ԱՁ-ի կողմից:

Շինարարության մեկնարկը տրվել է 2021 թ.-ի հոկտեմբերի 29-ին, շինարարության ավարտը  տրված է 2020 թ.-ի ապրիլի 29-ին:

Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button