Նորություններ

«Այդ հայտարարությունն ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դուրս է, և նույնիսկ քննարկումների մակարդակում ենք բացառում, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»

Արցախի ԱԺ «Ազատ Հայրենիք» խմբակցության քարտուղար Արթուր Հարությունյանի խոսքով՝ Արցախը չի հրաժարվում ազգերի ինքնորոշման իրավունքից, որը իրացրել են 1991թ.-ի հանրաքվեով և հիմա էլ շարժվելու են այդ նույն օրակարգով:

«Մենք ապրիլի 14-ին ԱԺ բոլոր խմբակցություններով համատեղ հայտարարություն ենք արել, որտեղ նշել ենք, որ Արցախի ներկայիս իրավաքաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ՝ երեք հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ, և Հայաստան-Ադրբեջան «խաղաղության օրակարգով» Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության՝ իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը: Մենք մեր այս հայտարարությամբ ներկայացրել ենք Արցախի ժողովրդի դիրքորոշումը: Այսինքն՝ մենք չենք հրաժարվում ազգերի ինքնորոշման իրավունքից, որը իրացրել ենք 1991թ.-ի հանրաքվեով և հիմա էլ շարժվելու ենք այդ օրակարգով:

Արցախը որևէ կարգավիճակով Ադրբեջանի կազմում չի կարող հայկական մնալ, դա բոլորն էլ շատ լավ հասկանում են: Բրյուսելյան հանդիպումից  հետո տարածված հայտարարության մեջ նշված էր, որ անհրաժեշտ է հասցեագրել Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը։ Այդ հայտարարությունն ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դուրս է, և նույնիսկ քննարկումների մակարդակում ենք բացառում, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի ԱԺ «Ազատ Հայրենիք» խմբակցության քարտուղար Արթուր Հարությունյանը:

Նրա  խոսքով՝ Արցախում այս հարցի վերջնական լուծումը տեսնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակում:

«Պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը այն աշխատանքները, որ պետք է աներ, չի արել, բայց մենք արցախյան հիմնահարցի վերջնական լուծումը, կրկնում եմ, տեսնում ենք այս ձևաչափի շրջանակում. այդ ձևաչափի մեջ  ամրագրված է ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը: Ինչքան էլ Ադրբեջանը թեզեր նետի դաշտ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը անարդյունավետ է աշխատել և տասնամյակից ավելի հակամարտությանը լուծում չի տվել, միևնույնն է, արցախյան հիմնահարցի վերջնական լուծումը պիտի այս շրջանակում լինի»,- ընդգծեց Արթուր Հարությունյանը:

Նրա խոսքով՝ չեն կարող առանց Արցախի ձայնը հաշվի առնելու ինչ-որ հարցեր լուծել: «Մենք մեր դիրքորոշման մեջ հաստատակամ ենք, մենք չենք հրաժարվում ազգերի ինքնորոշման իրավունքից, վստահ եմ, որ մեր գործադրած ջանքերը կծառայեն նպատակին»,-եզրափակեց արցախցի պատգամավորը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button