ՆորություններՍպորտ

Մխիթարյանի շուրջ ծավալված տրանսֆերային ոդիսականը․ Կմնա՞ Հենոն Ռոմայում, թե՞ կհեռանա

Որքան 2021/22 մրցաշրջանը մոտենում է ավարտին, այնքան մեծանում են խոսակցությունները՝ կապված «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ակումբային գրանցումը փոխելու հետ։

Նախ, մինչև Մխիթարյանի շուրջ ծավալված տրանսֆերային շշուկները քննարկելը, հիշենք, որ վաղը՝ մայիսի 25-ին, Ալբանիայում տեղի է ունենալու Կոնֆերենցիաների Լիգայի անդրանիկ խաղարկության եզրափակիչը, որտեղ Մխիթարյանի «Ռոման» հանդիպելու է հոլանդական «Ֆեյենորդի» հետ։

Գաղտնիք չէ, որ հայ կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց է թողել հռոմեացիների վերջին հանդիպումները, և դեռևս հստակ չէ՝ կկարողանա՞ արդյոք Հենրիխը մասնակցել եզրափակիչին։ Մասնակցելու դեպքում էլ պետք է սպասել և տեսնել, թե ինչպիսի՞ մարզավիճակում է Մխիթարյանը մոտեցել տարվա գլխավոր հանդիպմանը։

Առհասարակ, այս պատկերը շատ նման է 2017/18 մրցաշրջանում Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Վերոնշյալ մրցաշրջանի երկրորդ հատվածում Հենրիխը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխղվեց «Արսենալ» և միանգամից դարձավ Արսեն Վենգերի կարևոր «ֆիգուրներից» մեկը, սակայն մրցաշրջանի ամենակարևոր հատվածում վնասվածք ստացավ և բաց թողեց Եվրոպա Լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ պատասխան խաղը, որտեղ լոնդոնցիները մրցեցին Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ, ինչպես նաև Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայացած կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը։

Եթե ԲԿՄԱ-ի դեմ առաջին խաղում «զինագործները» վստահ հաղթել էին 4-1 հաշվով, և պատասխան խաղում առանց Հենրիխի որևէ լուրջ խնդիրների չբախվեցին (Գրանցվեց ոչ-ոքի՝ 2-2), ապա «Ատլետիկոյի» դեմ առաջին խաղում հայ կիսապաշտպանի բացակայությունը զգացվեց, իսկ «Արսենալը» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց։ Պատասխան խաղում Մխիթարյանը շարք էր վերադարձել, սակայն մարզավիճակն այնքան էլ գոհացնող չէր։ Հենոն մասնակցեց հանդիպման վերջին 22 րոպեներին, իսկ «Արսենալը» զիջեց 0-1 հաշվով և լքեց մրցաշարը։

Ինչու՞ անդրադարձա նախորդ դեպքին, քանի որ իսկապես որոշակի նմանություն կա «Ռոմայում» ստեղծված պատկերի հետ։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Հենրիխը համարվում էր «գայլերի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը, սակայն ամենավճռական պահին վնասվածք ստացավ և դուրս մնաց կազմից։ Ինչպես ցույց տվեց հետագան, հռոմեացիների ցուցադրած խաղն առաջնության վերջնամասում շատ ավելի թույլ էր, քան այն ժամանակ, երբ Մխիթարյանը խաղադաշտում էր լինում։ Ամեն դեպքում, ենթադրությունների գիրկը չընկնենք և հուսանք, որ վաղը «Ռոման» կհաղթի «Ֆեյենորդին», իսկ Մխիթարյանը երկրորդ անգամ գլխավերևում կպահի Եվրոպական գավաթներից մեկը։ Մխիթարյանը և Մոուրինյոն միասին հաղթեցին Եվրոպա Լիգայի խաղարկությունում, իսկ այժմ կարող են դառնալ Կոնֆերենցիաների Լիգայի պատմության առաջին գավաթակիրները։

Այժմ անդրադառնանք կիսապաշտպանի նկատմամբ տարբեր ակումբների կողմից ծավալված մեծ հետաքրքրվածությանը։ Հենրիխի ապագայի հետ կապված խոսակցություններն ակտիվացան շաբաթներ առաջ։ Վերջին օրերի ընթացքում նշվեցին ակումբների անուններ, որոնք ուշադրությամբ հետևում են Հենրիխի շուրջը ծավալվող իրադարձություններին։ Այդ ակումբների շարքին են դասվում «Ինտերը», «Նապոլին», «Ասթոն Վիլան» և «Տոտենհեմը»։ Առաջ ընկնելով նշեմ՝ որ նշված ակումբներից ամենամեծ հետաքրքրվածությունը ցուցաբերում է «Ինտերը»։ Դժվար է պատկերացնել՝ արդյո՞ք Հենրիխը կկարողանա ինտեգրվել անգլիական որևէ ակումբի խաղին։ Մենք երկու տարբեր ակումբների կազմում տեսել ենք նրա խաղը։ Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ ՄՅՈւ-ում և «Արսենալում» Հենոն չանցկացրեց իր լավագույն տարիները՝ առնվազն ցուցադրած խաղի որակով։ Ի վերջո, այնպես էլ չէ, որ «Ասթոն Վիլան» և «Տոտենհեմը» ամեն գնով փորձում են իրականացնել այս տրանսֆերը։ Չնայած պետք է հիշել նաև, որ «Տոտենհեմը» տարիներ առաջ ևս ցանկանում էր իր կազմում տեսնել Հենրիխին։

Կարող էինք կրկին վեր բարձրացնել նաև ռուսական տարբերակը, սակայն, հայտնի դեպքերով պայմանավորված, այս պահին ուղղակի բացառվում է, որ Մխիթարյանը տեղափոխվի ՌՊԼ։ «Նապոլին» ևս պարբերաբար հետևել է Հենրիխի խաղին, բայց երբեք կոնկրետ առաջարկ չի կատարել։

Այս բոլոր փաստերը հաշվի առնելով՝ եկեք կենտրոնանաք երկու տարբերակի վրա։ Առաջինը «Ինտեր» հնարավոր տեղափոխությունն է, երկրորդը՝ «Ռոմայում» ելույթները շարունակելը։

Միջազգային՝ հատկապես իտալական ԶԼՄ-ները գրում են, որ Մխիթարյանին իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին, որին շատ է տպավորել մեր ֆուտբոլիստի ցուցադրած խաղը։ Եթե իրականանա այս գործարքը, ամենաուրախալի իրողությունը, որը բոլորս միանգամից կնկատենք, կլինի այն, որ Հենրիխը հաջորդ մրցաշրջանում խաղալու է Չեմպիոնների Լիգայում։ Մխիթարյանը ՉԼ-ին վերջին անգամ մասնակցել է ՄՅՈւ-ի կազմում 2017/18 մրցաշրջանում, որի վերջում էլ «Արսենալի» հետ նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը։ Այստեղ առաջ են գալիս այլ հարցեր։ «Ինտերի» ներկայիս կազմը շատ ավելի ուժեղ է, քան՝ «Ռոմայինը»։ Կիսապաշտպանության կենտրոնում և հարձակմանը մոտ միլանցիներն ունեն Նիկոլո Բարելլա, Հաքան Չալհանօղլու, Մարսելո Բրոզովիչ, Մատիաս Վեսինո։ Բացի այս խաղացողներից, «ներաձուրիները» ամեն գնով ցանկանում են ձեռք բերել «Յուվենտուսից» հեռացած Պաուլո Դիբալային և «Էմպոլիի» 20-ամյա կիսապաշտպան Քրիստիան Ասլանին։ Պատկերացնենք, որ նշված տրանսֆերները ևս իրականություն դառնան։

Սիմոնե Ինձագի

Եթե Ինձագին ցանկանում է Հենոյին տեսնել հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում, ապա Մխիթարյանին լուրջ մրցակցություն է սպասվում Չալհանօղլուի և Դիբալայի կողմից։ Եթե Հենոն պետք է գործի ավելի խորքից, ապա Բարելլան, Բրոզովիչը և Վեսինոն ամենահեշտ մրցակիցը չեն նրա համար։ Պետք չէ մոռանալ նաև Արտուրո Վիդալին, որը փաստացի մեկ տարվա պայմանագիր ունի «Ինտերի» հետ, և, չնայած այն խոսակցություններին, որ չիլիացին հեռանալու է ամռանը, չի բացառվում, որ վերջինս կարող է մնալ միլանյան գրանդում։ Այս բոլոր հանգամանքներն իրենց մեջ մեծ ռիսկեր են պարունակում, և հնարավոր է, որ Հենրիխն իր տեղը չգտնի «Ինտերում»։

«Ներաձուրիները» պատրաստ են Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելու համար երկու միլիոն եվրո բոնուս վճարել և վերջինիս տարեկան չորս միլիոն եվրո աշխատավարձ տալ։ Հիշեցնեմ, որ Հենոյի պայմանագրի ժամկետը «Ռոմայի» հետ լրանում է այս ամռանը։

Լավ, իսկ ի՞նչ կտա Մխիթարյանին «Ռոմայում» մնալը։ Հենրիխը Հռոմում երեք մրցաշրջան է անցկացրել և արդեն 33 տարեկան է։ Իմ սուբյեկտիվ կարծիքով Մխիթարյանն այլևս չի տեղափոխվի ավելի բարձրակարգ ակումբ, քան «Ռոման» է։ Տեսականորեն ամեն բան հնարավոր է, բայց այնքան էլ իրատեական չէ։ Հիմա կասեք՝ բա «Ինտե՞րը»։ Կպատասխանեմ․ Այո, «Ինտերը» ներկայումս շատ ավելի ուժեղ է և հաստատ ավելի բարձրակարգ։ Բայց, չէ՞ որ խոսեցինք այն ռիսկերի մասին, որոնց կարող է Հենրիխը բախվել՝ «Ինտեր» տեղափոխվելու դեպքում։

Ես իզուր չնշեցի «Ռոմայում» անցկացրած երեք մրցաշրջանի և Հենոյի տարիքի մասին։ Ըստ իս՝ ստեղծված իրավիճակում որքան երկար Մխիթարյանը խաղա «Ռոմայում», այնքան շատ կմտնի հռոմեացիների պատմության մեջ։ Ճիշտ է, չի լինի Ֆրանչեսկո Տոտտի, կամ Դանիելե Դե Ռոսսի, սակայն նրանց սահմանած նշաձողը շատ-շատ բարձր է։ Բայց Հենոն կարող է ևս երկու մրցաշրջան անցկացնել «Ռոմայում», որից հետո իտալական ակումբի անկրկնելի երկրպագուները շատ վառ և ջերմ հիշողություններով միշտ նրան կհիշեն՝ որպես «Ռոմայի» պատմության մեջ իր հետքը թողած ֆուտբոլիստի։

Ինչևէ, վերջին ամենաթարմ նորությունները հետևյալն են․ «Ինտերը» կոնկրետ առաջարկ է պատրաստում, որտեղ նշված են նաև ֆինանսական կարևոր կողմերը։ «Ռոման» հստակ ցանկություն ունի՝ Հենոյին պահելու, և կա տարբերակ, որ առաջիկա օրերին «գայլերը» կերկարաձգեն հայ ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։ Հիշենք, որ վերջերս մահացավ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան, որն իրականացրել էր նրա տեղափոխությունները «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» և «Ռոմա»։ Այժմ հայտնի չէ՝ ով է Հենրիխի ներկայացուցիչը բանակցությունների ընթացքում։ Անկախ ամեն ինչից, հուսանք, որ Մխիթարյանը ինչ որոշում էլ կայացնի, հետագայում այն կլինի արդարացված, և բոլորս կշարունակենք վայելել Հենրիխի ցուցադրած բարձրակարգ խաղը։

armsport.am

Back to top button