Նորություններ

«Եթե նույնիսկ Շառլ Միշելը Ալիևի պապայի, ԵՄ և ԱՄՆ դեսպան տիկինների հետ երդվի, ես վստահ եմ, որ ժամերի ընթացքում Արցախը հայաթափվելու է». Ն. Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հիշեցրել է արաբական հեռուստաընկերություններից մեկին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցը, երբ նա ասում էր, որ եթե Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ապա այնտեղ լինելու է ցեղասպանություն և էթնիկ զտումներ:

«Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի  հայտարարության մեջ որևէ կետ չկար Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին. ինքնորոշման իրավունքը փոխարինված էր Արցախի ժողովրդի  անվտանգության երաշխիքներով. այն, ինչ մշտապես ասել է Ալիևը, և այն, ինչ ընդամենը վերջերս ասաց Հայաստանի  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, երբ իրեն հարցրին՝ եթե Ադրբեջանը Արցախի ժողովրդին տա անվտանգային երաշխիքներ, կհամաձայնե՞ք Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Արմեն Գրիգորյանը, ըստ էության, հաստատեց՝ ասելով, որ այդ տարբերակը քննարկման առարկա է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սկզբունքային կետ էր մեզ համար, բայց մայիսի 22-ի հանդիպումով, Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ վերջակետ դրվեց:

«Չամրագրելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Արցախի կարգավիճակը, այլ խոսելով ընդամենը Արցախում արցախցիների անվտանգ ապրելու երաշխիքների մասին, պարզ ասած, նշանակում է Արցախը Ադրբեջանի կազմում: Սա էր բրյուսելյան հանդիպման ողջ ամփոփումը, ինչին մենք տեղյակ էինք, ինչի մասին խոսում էինք և ինչին, ցավոք սրտի, մեր հասարակության գերակշռող մասը շարունակում էր լուրջ չվերաբերվել, և շարունակում էին հավատալ, որ Նիկոլը Արցախը չի հանձնելու:

Ես  սոցցանցի իմ  էջում տեղադրել էի Ալիևի ցինիկ ելույթներից մեկը, որտեղ նա հայ ժողովրդին սպառնում էր և ասում՝ էդ ինչ ծիծաղելի բաների մասին եք խոսում, ինչ Արցախի կարգավիճակ, և եթե դուք շարունակեք նման անհեթեթ բաներ խոսել, ապա լավ իմացեք, որ վտանգի տակ կլինի նաև Հայաստանի ինքնիշխանությունը:

Ադրբեջանը երբեք չի թաքցրել իր հավակնությունները Սյունիքի նկատմամբ, Սևանի հանդեպ:

Արցախը Ադրբեջանի կազմում հայտնվելուց հետո ընդամենը ժամերի ընթացքում կհայաթափվի, որովհետև եթե նույնիսկ Շառլ Միշելը Ալիևի պապայի, Եվրամիության, Միացյալ Նահանգների դեսպան տիկինների հետ երդվի, որ հնարավոր է Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում, ես վստահ եմ, որ ժամերի ընթացքում Արցախը հայաթափվելու է, որովհետև հայաթափման այլընտրանքը լինելու է ցեղասպանությունը:

Ես ուզում եմ հիշեցնել մեկ տարի առաջ արաբական հեռուստաընկերություններից մեկին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցը, երբ նա ասում էր, որ եթե Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ապա այնտեղ լինելու է ցեղասպանություն և էթնիկ զտումներ»,- եզրափակեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button