Նորություններ

Փաստաբանն ահազանգում է. իր պաշտպանյալը հացադուլ և ջրադուլ հայտարարելուց հետո գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ շտապօգնության ավտոմեքենան «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել կալանավորված մի քաղաքացու:

Ինչպես տեղեկանում ենք Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Հովակիմյանից, ով հանդիսանում է ամբաստանյալ Արգայլ Մադոյանի պաշտպանը, Ա. Մադոյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

«Արգայլ Մադոյանը շուրջ երկու տարի է գտնվում է կալանքի տակ, սակայն վերջինիս դատական նիստերը անհարկի հետաձգվում են։

Հերթական դատական նիստը, որը պետք է տեղի ունենար 19.05.2022թ, նույնպես հետաձգվեց, երբ փորձեցինք տեղեկանալ հետաձգման պատճառը, ստացանք իրարամերժ պատասխաններ։

Պաշտպանյալս իր բողոքի ձայնը լսելի դարձնելու համար, հացադուլ և ջրադուլ է հայտարարել։ Ս.թ. մայիսի 19-ի կեսօրից նա մեկուսացվել է։ Վերջինս գտնվում է «Արթիկ» ՔԿՀ ում։ Մայիսի 21-ին՝ երեկոյան ժամին, վիճակը կտրուկ վատացել է, 22:00-ի սահմաններում նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին «Գյումրի» բժշկական կենտրոն», հայտնել է փաստաբանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Մադոյանի դատական նիստերը կայանում են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության Գյումրու նստավայրում և կատարվածի մասին փաստաբանը բազմաթիվ դիմումներ է գրել ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որով փորձել է՝ ըստ փաստաբանի, բարձրաձայնել տեղի ունեցած անօրինականությունները:

Վերջերս փաստաբանը ահազանգել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն այնտեղից ստացել է քար լռություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button