ՆորություններՍպորտ

Ռուբինը պարտվեց Ուֆային` դուրս մնալով ՌՊԼ-ից

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերջին` 30-րդ տուրում «Ռուբինը» սեփական հարկի տակ մրցեց «Ուֆայի» դեմ։

Կազանը ներկայացնող ակումբը, որը կատարելապես ձախողեց մրցաշրջանի գարնանային հարվածը, առաջին կեսից հետո հաղթում էր 1:0 հաշվով. 37-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Վիտալի Լիսակովիչը։

Այդուհանդերձ, երկրորդ կեսում հյուրերը կարողացան բեկել հանդիպման ընթացքն ու ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլև հաղթանակ կորզեցին։ Նախ 54-րդ րոպեին աչքի ընկավ Վլադիսլավ Կամիլովը, ապա 90-րդ րոպեին` Դիլան Օրտիցը։

Հատկանշական է, որ տանտերերը կարող էին ոչ-ոքի կորզել, սակայն 90+12-րդ րոպեին Վիտալի Լիսակովիչը չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը` հարվածելով շեղ։

Այսպիսով, «Ուֆան» հյուրընկալվելիս հաղթեց 2:1 հաշվով, ինչից հետո վաստակեց 30 միավոր և մրցաշարային աղյուսակում շրջանցեց հենց «Ռուբինին»` բարձրանալով 14-րդ հորիզոնականը։

Բաշկորտստանի Հանրապետությունը ներկայացնող ակումբն անցումային հանդիպում կանցկացնի երկրորդ դիվիզիոնի` ՖԱԼ-ի շրջանակում 3-րդ հորիզոնականը զբաղեցրած «Օրենբուրգի» դեմ։

«Ռուբինն» էլ մնաց 29 միավորով և 19 տարի անց դուրս մնաց Պրեմիեր լիգայից։

Back to top button