«Նրանք իրենց չեն վերանայում և զարմանում են, թե ինչու մարդիկ իրենց շարժմանը չեն միանում». Ժ. Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ նախկին իշխանություններն իրենց չեն վերանայում և զարմանում են, թե ինչու մարդիկ իրենց շարժմանը չեն միանում, ինչո՞ւ պիտի միանան, մարդիկ ոչինչ չեն մոռացել:
«Այսպես ասած ընդդիմությունը, ովքեր ծեր մարդուն ծեծողին քաղբանտարկյալ են համարում, ասում են՝ Հայաստանը վերածվել է բռնապետության, իսկական բռնապետը իրենք են եղել: Երևի մոռացել են, թե ինչեր էին կատարվում իրենց իշխանության օրոք: Այնպես չէ, որ մենք այս իշխանություններից գոհ ենք, շատ բաներից ենք բողոքում, բայց մեկ է, մենք չենք ուզում, որ իրենք վերադառնան: Եթե համեմատենք ոստիկանության հիմիկվա գործողությունները իրենց կառավարման օրոք տեղի ունեցածի հետ, ապա հիմա ոստիկանությունը զուսպ է գործում: Խոսում են բռնապետության մասին. մոռացել են, որ մարդկանց ծեծում էին, հաշմանդամ դարձնում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, որ Հայաստանը վերածվել է բռնապետության եւ չկա խոսքի ազատություն:

Ալեքսանյանի խոսքով՝ նախկին իշխանությունը բռնապետությունից խոսելու ոչ մի բարոյական իրավունք չունի.
«Թող մի անգամ ազնիվ լինեն և քննադատեն իրենց կառավարման ժամանակները, թե ինչ վիճակ էր մարտի 1-ից հետո, զանգվածային անօրինական ձերբակալություններ, խոշտանգումներ, բռնություններ էին տեղի ունենում: Կամ որ ասում են՝ առանց թուրքի Հայաստան, դա ուղղակի զզվելի է: Իրենք են, հա՞, «թուրք» կոչվելուց զերծ էլիտան: Ինչպե՞ս կարելի է թուրք բառով հայը վիրավորի հային: Ցածրորակ բողոքի ակցիաներ են ատելության և բռնության սպառնալիքներով, և դա մենք տեսանք Բաղրամյանի ցույցերի ժամանակ:
Նրանք իրենց չեն վերանայում և զարմանում են, թե ինչու մարդիկ իրենց շարժմանը չեն միանում, ինչո՞ւ պիտի միանան, մարդիկ ոչինչ չեն մոռացել»,- ընդգծեց իրավապաշտպանը:
Երեկ տեղի է ունեցել «Ժողովրդավարության հայկական ֆորումը», որի ընթացքում խոսվել է Հայաստանի ժողովրդավարության ընթացքի մասին, Հայաստանում ԱՄՆ դեսպանը ողջունել է այդ ընթացքը:
Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ այդ ֆորումին ավելի շատ խոսվեց ժողովրդավարության անհրաժեշտության մասին, որպեսզի երկիրը գնա այդ ճանապարհով, այդ ֆորումում չխոսվեց մարդու իրավունքների հետ կապված չլուծված հարցերի մասին:
Նիկոլ Փաշինյանը վերստին հայտարարում է՝ ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային հիմնական բրենդն է, ինչպե՞ս եք մեկնաբանում Փաշինյանի այս հայտարարությունը, որքանո՞վ է այն մոտ իրականությանը:
Հարցադրմանն անդրադառնալով՝ Ժաննա Ալեքսանյանը հայտարարեց.
«Նիկոլ Փաշինյանը իշխանության եկել է հենց այդ կարգախոսներով, նա հիմա պահպանում է այդ կարգախոսները: Անընդհատ կրկնում է, որ չմոռանա, բայց նա իրականում փոփոխություններ չի արել: Մենք այս չորս տարիների ընթացքում չենք տեսել վճռականություն՝ ինչ-որ բան փոխելու. դա վերաբերում է բոլոր ոլորտներին»,-եզրափակեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Անահիտ Չալիկյան