ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Հայաստանում կեղծված է քաղաքական օրակարգը. Դ. Ստեփանյան

ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում կարծիք հայտնեց, որ քաղաքացիների դժգոհությունը Երևանում ընթացող ցույցերի կապակցությամբ աճում է։

«Փոքր խմբերով փողոց փակելու պրակտիկան, երբ հարյուրավոր մեքենաներ են պարալիզացվում, չի կարող քաղաքացիների հավանությանը արժանանալ։ Ազատությունը, իրավունքները գործում են մինչև դիմացինի ազատության ու իրավունքների սահմանը։ Իսկ ընդդիմության այդ մասի պատկերացումները Արցախի շուրջ իրավիճակի մասին չեն կարող համապատասխանել իրողությանը, որովհետև իրենք հրաժարվել են հանդիպել վարչապետին և տեղեկացվել գործընթացի ներկա վիճակի մասին»,-նշեց քաղաքագետը:

«Հնարվել է մի թեզ, որ «Հայաստանը թուրքանում է» և վերջ։ Դա նշանակում է, որ շարժման հետևում կանգնած են այլ նպատակներ և, հնարավոր է, դրսի ուժեր։ Դժվար է գնահատել այդ նպատակները, սակայն միանշանակ կարելի է պնդել, որ այս շարժումը նպաստում է հայ-ռուսական բանակցություններում հայկական դիրքերի թուլացմանը։ Ակնհայտ է, որ այսօր Հայաստանը առաջարկներ է ստանում նաև Արևմուտքից, և կառավարության մանևրելու դաշտը նեղացվում է։ Նույնիսկ կարծիք կա, որ այս գործողություններով պարոն Քոչարյանը փորձում է հասնել արյունահեղության և ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծել։ Մոնոէթնիկ երկրում ստեղծվում են արհեստական ջրբաժաններ ըստ տարածքային ծագման, սոցիալական խմբերի. դա «բաժանիր, որ տիրես» սկզբունքի իրականացումն է, որոշակի տեխնոլոգիաներ են, և, ցավոք, չկա ցանկություն քաղաքական շրջանակների մոտ՝ գալ որոշակի փոխհամաձայնության, բացառել ատելության խոսքը, բռնությունը և այլն»,-ավելացրեց Դավիթ Ստեփանյանը:

Նա չի գտնում, որ ներկայիս կառավարությունը մտադիր է հանձնել Արցախը, սակայն լեզուն, ձևը, որով դա ներկայացվում է հանրությանը, շատ մեծ խնդիրներ է առաջացնում։ «Վաղուց արդեն կարիքը կա հրաժարվելու նախկիններին քննադատելու պրակտիկայից և անցնելու ինքնաքննադատությանը, սեփական սխալների բացահայտմանը, խոսելու ապագայի մասին։

Այսօր կա քաղաքական դաշտ, բայց չկան քաղաքական կուսակցություններ, որոնք մի անձի սեփականությունը չեն, ունեն ծրագիր, թիմ, աշխարհայացք։ Երկար ժամանակ այդպիսին էր դիտարկվում Դաշնակցությունը, սակայն այսօրվա իրենց պահվածքը տարակուսելի է։ Երբ Փաշինյանը եկավ իշխանության, հույս կար, որ կընդունվի նոր ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին նոր օրենք՝ նոր մեխանիզմներ կստեղծվեն, որոնք կձևավորեն նոր քաղաքական դաշտ։ Սակայն դա չարվեց», հայտարարեց քաղաքագետը:

 

Back to top button