Ուկրաինայի կառավարությունից հայտնել են, թե 2022թ.-ին որքան հացահատիկ է անհրաժեշտ ներքին սպառման համար

Ընթացիկ տարվա հացահատիկի բերքի 40%-ը կբավականացնի Ուկրաինային ներքին սպառման համար։
Այս մասին, ՈւՆԻԱՆ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ուկրաինայի ագրարային քաղաքականության և պարենի նախարարի առաջին տեղակալ Տարաս Վիսոցկին։
«Ակնկալում ենք, որ ցանվածը հաջողությամբ կհնձվի և կբաշխվի երկու հիմնական ուղղություններով. այս տարվա բերքի մոտ մեկ երրորդը` մինչև 40%-ը, կարող է օգտագործվել ներքին սպառման համար, իսկ մնացածը կարող է արտահանվել այն երկրներ, որոնք հացահատիկի խիստ կարիք ունեն»,- ասել է Վիսոցկին։
Նրա խոսքով, մինչ պատերազմը Ուկրաինային սեփական սպառման համար անհրաժեշտ էր հացահատիկի բերքի 25%-ը, սակայն այս տարի ռազմական գործողությունների պատճառով ցանքատարածությունների մակերեսը կրճատվել է 3 մլն հեկտարով։
Վիսոցկին նաև հավելել է, որ մինչ պատերազմը Ուկրաինան աշխարհի շատ երկրներում մոտ 400 միլիոն մարդու ապահովել է հացահատիկով։
2021թ.-ին Ուկրաինայում արտադրվել է ավելի քան 106 միլիոն տոննա հացահատիկ: