Նորություններ

Գյումրիի Բարեկամության այգում կկառուցվի սահադաշտ, կտեղադրվեն Վերնիսաժի տաղավարներ

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունն ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) իրականացնում են ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագիրը, որի ներկայացուցիչները այցելել են Գյումրի՝ ծանոթանալու Բարեկամության այգու Վերնիսաժի տաղավարների կառուցման աշխատանքներին և զբոսայգում ընթացող շինարարությանը։

Վերնիսաժի տաղավարները այգու կարևոր բաղադրիչներից են, որոնք կառուցվում են  Գյումրիի «Տեխնոսիթի» ընկերության արհեստանոցում:

Բարեկամության այգում կառուցվելու է սահադաշտ՝ որպես ձմեռային տուրիզմի կարևոր տարր, և Վերնիսաժի 25 տաղավարներ։

Զբոսայգու վերակառուցման ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-պետական համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման մոդել Գյումրիում։

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսի խոսքով՝ «Եվրամիությունն ուրախ է աջակցելու այս նախագծին։ Վստահ ենք, որ այն կդառնա Գյումրիում ամենաայցելվող հիասքանչ վայրերից մեկը: Տեղեկացանք, որ վերակառուցված Բարեկամության այգին աշխատելու է ամբողջ տարին։ Սա ևս մեկ լրացուցիչ խթան է զբոսաշրջիկների համար՝ այցելելու Գյումրի տարվա ցանկացած եղանակին»:

«Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն էլ հավաստեց. «Մենք ուրախ ենք աջակցել Գյումրիի Բարեկամության այգու նախագծին, քանի որ կարծում ենք, որ այն շրջադարձային կլինի Գյումրիում զբոսաշրջության աճի համար և կլինի հիանալի ժամանակակից կանաչ այգի գյումրեցիների համար: Սա յուրահատուկ նվեր է այս պատմական քաղաքին»:

Վերնիսաժի տաղավարների դիզայնը մշակելիս ճարտարապետներն օգտագործել են հայկական ավանդական ճարտարապետությունում առկա զիգզագաձև տարրերը: Տաղավարները կարող են ձևափոխվել փայտե կոնստրուկցիաների և ձգվող հովանիների շնորհիվ, որոնք իրենց նախշերով և գունային համադրությամբ հիշեցնում են հայկական ազգային կարպետ: Մոդուլները կարող են նաև ձևափոխվել՝ ստանալով ալիքաձև, գծային կամ շրջանաձև դասավորություն։ Վերնիսաժի տաղավարների ճարտարապետական դիզայնը մշակել է IND Architects բյուրոն, որը 2020 թ․-ին հաղթող ճանաչվեց «Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական» հիմնադրամի կողմից հայտարարած այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթում։

«Հաշվի առնելով Գյումրիի եղանակային պայմանները և խստաշունչ ձմեռները՝ Վերնիսաժի տաղավարները լինելու են ֆունկցիոնալ տարվա բոլոր եղանակներին։ Տաղավարներում կցուցադրվեն թե՛ Գյումրիի, թե՛ Հայաստանի տարբեր մարզերի վարպետների և արվեստագետների ձեռքի աշխատանքներ, հուշանվերներ և արվեստի գործեր։ Վերնիսաժում կանցկացվեն նաև արվեստների ու արհեստների վարպետության դասեր, ցուցահանդեսներ և տոնավաճառներ»,- ասում է հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը։

Այցի շրջանակում հյուրերը շրջել են նաև Բարեկամության այգու տարածքում և տեղում ծանոթացել ընթացիկ շինաշխատանքներին։

Այս փուլով այգում ընթանում են արտաքին ինժեներական ենթակառուցվածքների, լուսավորության և հիմնական ճեմուղիների կառուցման աշխատանքներ, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից՝ Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում։

Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար։ Զբոսայգու որոշ օբյեկտների շինարարությունը, այդ թվում՝ Վերնիսաժի 25 տաղավարների կառուցումը նախատեսվում է ավարտել այս տարվա սեպտեմբերի կեսին, որից հետո զբոսայգին բաց կլինի գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար։

«Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական» հիմնադրամի նախագահ Ռուբեն Վարդանյանը օրեր առաջ, երբ Գյումրիում էր, հայտնեց, որ այգու ատրակցիոններն արդեն Հայաստանում են, դրանք ժամանակավոր տեղադրվել են Դիլիջանի այգում, հետո կտեղափոխվեն Գյումրի:

Ամբողջ զբոսայգին իր բոլոր օբյեկտներով նախատեսվում է շահագործման հանձնել 2023թ․ աշնանը։

Կարինե Կազարովա

 

Back to top button