Նորություններ

Մեկնարկել է «Հայաստանի վարպետ» մրցույթի առաջադրումների փուլը

Այսօրվանից՝ մայիսի 20-ից, մեկնարկում է «Հայաստանի վարպետ» մրցույթի առաջադրումների փուլը: Մրցույթի  կայքում https://www.varpetarmenia.am/ շուրջ մեկ ամիս տևած առցանց քվեարկության արդյունքներով արդեն որոշվել են այն 12 արհեստագործական ուղղությունները, որոնցով անցկացվելու է մրցույթը:

Այդ ուղղություններն են.

  1. Գինեգործ
  2. Գորգագործ
  3. Դերձակ
  4. Զարդագործ
  5. Զոդող
  6. Խոհարար
  7. Կահույքագործ
  8. Կոշկակար
  9. Հրուշակագործ
  10. Ավտոմեխանիկ
  11. Նվագարանագործ
  12. Պատշար

Հայաստանի և Արցախի վարպետները (23 տարեկան և բարձր), որոնց գործունեությունը համընկնում է  վերոնշյալ 12 ուղղությունների հետ, այսօրվանից  կարող են առաջադրվել՝ https://www.varpetarmenia.am/ կայքի միջոցով:

Առաջադրումը կատարվելու է հետևյալ եղանակով. կայքում  ընտրելով «Դառնալ մասնակից» կոճակը, անհրաժեշտ է լրացնել  հարցաթերթիկ և ներբեռնել վարպետի գործունեության մասին կարճ տեսանյութ (ցանկացած ձևաչափի): Ինքնաառաջադրվել կարող են ինչպես վարպետները, այնպես էլ  քաղաքացիները կարող են  առաջադրել իրենց ծանոթ վարպետներին: Նրանք, ովքեր դժվարություն կունենան հարցաթերթիկը լրացնելու կամ տեսանյութի հարցում՝ կարող են զանգահարել +374 77 733 551 հեռախոսահամարով, նամակ ուղարկել [email protected] հասցեին կամ  մրցույթի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/best.varpet:

Բացի այդ, մրցույթի տարբերանշանով շրջիկ ավտոմեքենան՝ վարպետամոբիլը,  մայիսի 30-ից կշրջի բոլոր մարզերում՝ տեղեկացնելով մրցույթի մասին և օգնելով առաջադրվել մրցույթի հավակնորդներին:

Առաջադրումների  փուլը կավարտվի հունիսի 30-ին:  Դրանից հետո մասնագիտական ընտրող հանձնաժողովը, ստացված տեղեկատվության հիման վրա, կընտրի վերոնշյալ 12 ուղղություններից  երկուական լավագույն թեկնածուների, որոնք էլ կանցնեն մրցույթի  հաջորդ  փուլ: Մրցույթի երկրորդ փուլն անցակցվելու է  «Արմենիա» հեռուստատեսությամբ՝ հեռուստաշոուի ձևաչափով, որի ընթացքում 24 մասնակիցներից կընտրվեն 12 հաղթողները՝ ամեն ուղղությունից մեկական վարպետ:

Մրցույթի հաղթողները կարժանան «Հայաստանի վարպետ» մրցանակի, դրամական պարգևի (3 մլն ՀՀ դրամ) և աջակցություն կստանան  մրցույթի գործընկերների կողմից։

Նախատեսվում է, որ մրցույթը կդառնա ամենամյա: Մրցութային ուղղությունները հանրային քվերակությունների միջոցով  ամեն տարի կարող են փոխվել: Բացի այդ, ամեն տարի մայիսին Գյումրիի Բարեկամության զբոսայգում կանցկացվի Վարպետների փառատոն, որին մասնակցություն կունենան ինչպես  մրցույթի հաղթող վարպետները, այնպես էլ նախորդ փուլերի մասնակիցները։

«Հայաստանի վարպետ»  մրցույթը նախաձեռնել են «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամի հիմնադիր,  սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը և «Ապրելու» հիմնադրամը։ Մրցույթի կազմակերպիչն է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF)  բարեգործական հիմնադրամը: Մրցույթի գործընկերն է «Արմենիա» հեռուստաընկերությունը: Մրցույթը նպատակն արհեստագործական մասնագիտությունների պահպանումն ու հանրայնացումն է, աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքի վերականգնումն ու հեղինակության բարձրացումը։

Մրցույթի կազմակերպիչները  համագործակցելու են հանրապետության բոլոր մարզերի ու համայնքների հետ՝ ընտրելու և ներգրավվելու համար լավագույն վարպետներին:

 

Back to top button