ՄիջազգայինՆորություններ

Էրբիլի հյուսիսում բախում է տեղի ունեցել PKK-ի ու թուրք զինվորների միջև. 2 կողմից կան զոհեր ու վիրավորներ

Իրաքի Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլից հյուսիս գտնվող Սիդեքան ավանի սահմանների մոտ բախում է տեղի ունեցել թուրք զինվորականների ու «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության զինյալների միջև: Այս մասին հայտնում է Քուրդիստանի ինքնավարության կառավարությանը մոտ կանգնած քրդական «Rudaw» գործակալությունը՝ հղում անելով Սիդեքանի վարչական ղեկավար Իսհան Չելեբիին:

Վերջինս պատմել է, որ մայիսի 16-ի գիշերը մի խումբ ՔԲԿ-ական զինյալներ հարձակվել են հարակից սարերից մեկի վրա դիրքավորված թուրք զինվորականների վրա, ինչից հետո բախում է սկսվել, որը տևել է մոտ 3 ժամ: Բախման արդյունքում 2 կողմն էլ տվել են զոհեր ու վիրավորներ: Հաղորդվում է, որ բախման վայրում հայտնաբերվել է 4 ՔԲԿ-ականի դի, իսկ թուրքական կողմի սպանվածներին ու վիրավորներին տեղափոխելու համար ավելի ուշ դեպքի վայրին մոտեցել են 3 ուղղաթիռ:

Թուրքիան դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չի արել տեղի ունեցածի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 17-ին նոր ներխուժում են իրականացրել Իրաքի հյուսիսային շրջաններ, որտեղ գտնվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության ճամբարները, պահեստներն ու թաքստոցները:

 

Back to top button