Լատվիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բալթիկ ծովը դառնում է ՆԱՏՕ-ի ծովը

Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը, խոսելով ՆԱՏՕ-ի հետ կապված Շվեդիայի և Ֆինլանդիայի ծրագրերի մասին, հայտարարել է, որ Բալթիկ ծովը դառնում է դաշինքի ծովը։
«Բալթիկ ծովը դառնում է ՆԱՏՕ-ի ծովը»,- ասել է Ռինկևիչսը Financial Times-ին տված հարցազրույցում։
Ֆինլանդիայի նախագահը և կառավարության ղեկավարը հայտարարել են, որ երկիրը պետք է անհապաղ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Ըստ տեղեկությունների՝ Ֆինլանդիան, ինչպես Շվեդիան, նախատեսում է երկուշաբթի՝ մայիսի 16-ին, դիմել Հյուսիսատլանտյան դաշինքին։
«Սա շատ հստակ մեսիջ է, որ Եվրոպայի հյուսիսային մասը ՆԱՏՕ-ի տարածք է: Բոլոր գործնական, քաղաքական և անվտանգության տեսանկյունից դա ավելի հուսալի կլինի», — մեկնաբանել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:
Իր հերթին Էստոնիայի արտգործնախարար Էվա-Մարիա Լիյմետսը նշել է, որ Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ նշանակում է, որ դաշինքը զգալիորեն կամրապնդվի և միևնույն ժամանակ կամրապնդի անվտանգությունը հյուսիսային Եվրոպայում և Բալթիկ ծովում։
Նախարարները նշել են, որ և՛ Մերձբալթյան երկրները, և՛ ՆԱՏՕ-ն կշահեն ֆիննական և շվեդական հզոր բանակի և ամերիկյան ինքնաթիռների ֆիննական նավատորմի առկայությունից։
«Ֆինլանդիան լիովին համատեղելի է ՆԱՏՕ-ի զինված ուժերի հետ, ինչը մենք տեսել ենք համատեղ միջազգային առաքելությունների ընթացքում»,- հավելել է Էստոնիայի արտգործնախարարը։
Ռուսաստանից բազմիցս արձագանքել են, որ ՆԱՏՕ-ն հակված է առճակատման: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպային ավելի մեծ անվտանգություն չի բերի։