Նորություններ

«Ինչու՞ Բարխուդարլուն և Վերին Ոսկեպարը հանեցին օրենքից». քարտեզագրող

Քարտեզագրող Անուշավան Բարսեղյանի խոսքով՝ 2021-ին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարվել է փոփոխություն՝ Տիգրանաշենը թողեցին, իսկ Բարխուդարլուն և Վերին Ոսկեպարը հանեցին:

«Անկլավների հանձնում-փոխանակումից Հայաստանը տուժելու է. այստեղ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ենք տալիս Ադրբեջանին, եւ ինչ է տալիս Ադրբեջանը Հայաստանին: Այս պրոցեսում մեզ են վերադարձնում Արծվաշենը, որը չունի ստրատեգիական նշանակություն՝ ոչ Ադրբեջանի համար, ոչ էլ Հայաստանի, իսկ Բարխուդարլուն, Տիգրանաշենը, Վերին Ոսկեպարը ճանապարհների վրա են, և դա անվտանգային առումով խնդիրներ է ստեղծում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քարտեզագրող Անուշավան Բարսեղյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարի հայտարարությանը, որ Հայաստանն Ադրբեջանին պետք է վերադարձնի գյուղեր Տավուշի և Արարատի մարզերից:

Քարտեզագրողը չի բացառում, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի հատվածում տեղադրած մաքսակետի օրինակով Ադրբեջանը կարող է մաքսակետ տեղադրել Տիգրանաշենում և Մեղրի գնացող վարորդներից գումար գանձել:

Անուշավան Բարսեղյան

«Սրտերը երբ ուզի, կարող են փակել ճանապարհը, երբ ուզեն՝ բացել, ինչպես դա եղավ անցած տարի օգոստոսին, երբ ադրբեջանցիները փակել էին Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը:
Մինչև 2021թ.-ի սեպտեմբերը «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Բարխուդարլուն, Տիգրանաշենը, Վերին Ոսկեպարը համարվում էին հայկական բնակավայրեր, իսկ 2021թ.-ին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարվեց փոփոխություն՝ Տիգրանաշենը թողեցին, իսկ Բարխուդարլուն և Վերին Ոսկեպարը հանեցին: Ինչո՞ւ Բարխուդարլուն և Վերին Ոսկեպարը հանեցին օրենքից… Նիկոլ Փաշինյանը սիրում է ասել ձեր օրենքը, ձեր օրենքը և հղում է անում նախկին իշխանություններին և ասում, որ դա 2010թ.-ին ձեր կողմից ընդունված օրենքն է: Ես էլ իրենց հարցնում եմ՝ ինչի՞ նախկինների ընդունած «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքից հանեցին այդ բնակավայրերը»,- ընդգծեց Անուշավան Բարսեղյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Խորհրդային Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել են և գտնվում են ՀՀ-ի վերահսկողության ներքո, Բարսեղյանն ընդգծեց, որ նման հայտարարություններով հայկական կողմը սպառում է մանևրելու հնարավորությունները, որովհետև անգամ Ադրբեջանն իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ:

Ըստ քարտեզագրողի՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելուց առաջ նախ պիտի հանձնաժողով ձևավորվի, որի կազմում պրոֆեսիոնալ մարդիկ կլինեն:

«Խմբում պետք է լինի պատմաբան, տնտեսագետ, քարտեզագրող, ՊՆ-ից պետք է մարդիկ լինեն և քննարկեն, հասկանան՝ ինչ են անում, ինչպես են անում, ոչ թե ամեն մեկը մի բան ասեն:

Որպես քարտեզագրող ես կցանկանայի, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացն իրականացվեր Մեծ Հայքի քարտեզով կամ Աշխարհացույցով, բայց դա երազանք է: Կարևորն այն է, որ մենք կարողանանք մեր ունեցածը պահպանել, մեր անվտանգային հարցերը լուծել: Եթե դու ունես մեծ տարածքներ, բայց չես կարող պահել այդ տարածքները, ի՞նչ իմաստ ունի խոսել Կուր-արաքսյան հանրապետություն ունենալու մասին»,- եզրափակեց Անուշավան Բարսեղյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button
Close