ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

Լենինականը՝ սահմանային անցակետ գերմանացի և խորհրդային դիվանագետների փոխանակման համար. պատմության անհայտ էջերը

Հայրենական մեծ պատերազմի տարիները Գյումրի-Լենինականի պատմության մեջ առանձնացել են ուշագրավ մի քանի իրադարձություններով: Դրանցից մեկը գերմանացի բարձրաստիճան դիվանագետների փոխանակումն էր:

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Ասոյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտնեց, որ Մոսկվայի արխիվներում պահվող փաստաթղթերն է ուսումնասիրել ու այս մասին ուշագրավ մանրամասներ պարզել: Ըստ այդ փաստաթղթերի՝ պատերազմը սկսվելու ժամանակ Խորհրդային Միությունում էին գտնվում գերմանացի դիվանագետներ, ովքեր պատանդ վերցվեցին:

Գերմանիայի կողմից էլ պատանդառվել էին այդ երկրում գտնվող Խորհրդային Միության քաղաքացիները: Նրանց փոխանակման գործընթացը 1941 թվականին տեղի է ունեցել Լենինականում, հայ-թուրքական սահմանին 300-ից ավելի դիվանագետ է փոխանակվել: Լենինականի հետ կապված մյուս հետաքրքիր իրադարձությունն էլ գերմանացի ռազմագերիների տեղափոխումն էր այստեղ: Նրանք երկար տարիներ ապրել ու աշխատել են Լենինականում, մի շարք շինություններ կառուցել: Որպես ռազմագերի Հայաստանում է ապրել Նոբելյան մրցանակակիր, ավստրիացի կենդանաբան Կոնրադ Լորենցը: Նա գերությունից վերադառնալուց հետո է զբաղվել գիտական գործունեությամբ ու միջազգային հեղինակավոր մրցանակին արժանացել: Գյումրի-Լենինականում ապրել են հարյուրավոր ռազմագերիներ, որոնցից շատերը մահացել են պատերազմի տարիներին: Նրանցից 369-ը թաղված է Գյումրիում գտնվող գերմանացի ռազմագերիների գերեզմանոցում:

Back to top button