Նորություններ

«Արցախի հարցը օդում կախված է, եթե ինչ-որ որոշած բան ունեն, պիտի ասեն ժողովրդին, հո ԱԺ-ում դերասանություն անելով չէ»

Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ այս իշխանությունն Արցախի փրկության հարցը չի դնում, միայն թռուցիկ ասում են Արցախի կարգավիճակ, բայց մենք էդպես էլ չենք հասկանում՝ ինչ կա այդ կարգավիճակի տակ:

«Մայիսի 1-ին ես ինքս մասնակցել եմ միտինգին, մենք պիտի անտարբեր չլինենք, որովհետև շատ վճռորոշ պահ է: Մենք չենք կարող թույլ տալ, որ այս իշխանությունները վզերը ծռած ստորագրեն այն, ինչ կառաջարկի Ադրբեջանի նախագահը: Անունը դրել են խաղաղության պայմանագիր, այդ պայմանագրի տակ կորցնում ենք Արցախը, Հայաստանից որոշ տարածքներ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ Արցախում մարդիկ դրական են գնահատում Հայաստանի ընդդիմադիր ուժերի ակցիան, բայց ինքն այնքան լավատես չէ, որ Նիկոլ Փաշինյանը հեշտությամբ կհրաժարվի իշխանությունից:

«Ոստիկանները շատ վատ են վարվում ցույց անող մարդկանց հետ, հաշվի չեն առնում կին, ծեր, երեխա: Էս ամենը ցույց է տալիս, որ Նիկոլը էնքան էլ հեշտ հանձնվող չէ, բայց բոլորս էլ գիտենք, որ նրա ու իր թիմի մնալն էլ ճիշտ չէ:

Մարդիկ հիասթափված են և անգամ այն մարդիկ, ովքեր Նիկոլին ընտրել են, հիմա փոշմանել են, որովհետև գիտեն, որ սխալ ընտրություն են կատարել: Էսօր հայրենիքի փրկության հարցն է և ոչ միայն Արցախի:

Մարդիկ դուրս են գալիս փողոց, որովհետև չեն ուզում այսպես, իշխանափոխություն են ուզում: Էսպես հնարավոր չէ, ինչքա՞ն կարելի է կուլ գնալ և թուրքի առաջ վիզը ծռել: Քանի գնում, և՛ Արցախի, և՛ Հայաստանի վիճակը վատանում է՝ սոցիալական, անվտանգային:

Սոցիալական օգնություն կար, հիմա դա էլ չեն տալիս, աշխատատեղերի կրճատում է սպասվում: Մարդիկ, ովքեր չէին աշխատում, պարապուրդի աշխատավարձ էին ստանում, հիմա դա էլ է կրճատվել: Էսքանի հետ մեկտեղ մարդիկ դիմակայում են, չեն տրտնջում, բայց մարդն ինչքա՞ն կարող է ապրել անորոշության մեջ:

Էսօր-վաղը ասելով չի լինի, բան չի փոխվում, ես չեմ ուզում մտածել այն մասին, որ մարդիկ մի օր ստիպված դուրս գան Արցախից»,- նշեց Արծվիկ Սարգսյանը:

Շուշիի նախկին քաղաքապետը, անդրադառնալով ընդդիմադիր ուժերի հայտարարություններին, ասում է.

«Ինչպես ընդդիմադիր ուժերը, այնպես էլ մենք մտածում ենք, որ իշխանափոխությունից հետո հնարավոր է և Արցախի կարգավիճակի հարցը հստակեցնել և այլն, և այլն:

Ինչի՞ ենք էդպես մտածում, որովհետև այս իշխանությունն Արցախի փրկության հարցը չի դնում, միայն թռուցիկ ասում են Արցախի կարգավիճակ, բայց մենք էդպես էլ չենք հասկանում՝ ինչ կա էդ կարգավիճակի տակ: Նրանք բացահայտ չեն ասում՝ ոնց է լինելու էդ կարգավիճակը. որպես մա՞րզ, թե՞ լինելու է շրջան: Ես չեմ պատկերացնում՝ ոնց կարելի է երեսուն տարվա պայքարը էդպես հեշտ-հանգիստ ջուրը լցնել: Այս իշխանությունը որոշել է Արցախը հանձնել, բա էդքան մարդիկ  ինչի՞ համար են զոհվել: Եթե էսպես էր լինելու, թող ժամանակին համաձայնվեին, առանց էսքան զոհերի տային էդ շրջանները:

Էսօր Արցախի հարցը օդում կախված է, եթե ինչ-որ որոշած բան ունեն, պիտի ասեն ժողովրդին, հո ԱԺ-ում դերասանություն անելով չէ: ԱԺ-ում ծիծաղում են, ծափ են տալիս, թե ում վրա են ծիծաղում, սրանք բա ամոթ ունե՞ն»,- եզրափակեց Շուշիի նախկին քաղաքապետ  Արծվիկ Սարգսյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button