ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Անվտանգության ոլորտի առնչությամբ այսօրվա վարչախումբը ելնում է այն հակահայ մոտեցումներից, որ առաջ են քաշվել դեռ 90-ականներին»

«Ներկայիս վարչախումբն ի սկզբանե եկել էր որոշակի նպատակներով և գաղափարներով»։ Այս մասին ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում հայտարարեց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը։

«Շատերը, ովքեր ողջունում էին և նույնիսկ թագադրում էին Նիկոլ Փաշինյանին, մոռանում էին, թե ինչ գաղափարների և մոտեցումների կրողն է նա։ Նա միշտ պատկանել է մեր հանրության մեջ, ցավոք, գոյություն ունեցող այն խմբին, որ դեմ է հանդես եկել հայկական հարցի արժանապատիվ լուծմանը։ Նրանք հայկական ազգային-պետական տարածքների հաշվին փորձ են արել բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Խոսքը հանուն հարաբերությունների ցեղասպանության և հողազրկման հարցերը մի կողմ դնելու մասին է, խոսքը արժանապատիվ հատուցումից հրաժարվելու մասին է։

Նույնը վերաբերում է և Արցախին, որը միայն ԼՂԻՄ-ը չէ։ Փաշինյանը կրողն է այն գաղափարի, որ Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում, նա այն սովետականացված լուծումների կողմնակիցն է, որոնք ձևավորվել են ապօրինի Կարսի, Մոսկվայի պայմանագրերով և Կավբյուրոյի որոշումով Արցախի վերաբերյալ, իսկ հետագայում նաև՝ Պուտին-Ալիև-Փաշինյան ապօրինի հայտարարությամբ։ Դրանից բխում է, որ Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում, հարյուր քսան հազար հայերը կարող են ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի»,-նշեց Արա Հակոբյանը։

«Նիկոլ Փաշինյանի իշխանազրկումից հետո, ինչն առաջին բավարար պայմանն է, մենք պետք է առերեսվենք ճշմարտությանը, այն է՝ մերժենք հայությանը պարտադրված բոլոր պայմանագրերը։ Չի կարելի ապօրինի պարտավորությունների ներքո գնալ նոր ապօրինի պարտավորությունների. սահմանազատվել սովետական սահմաններով, բացել սահմանները և ազատականացնել կոմունիկացիաները։ Թուրք-ադրբեջանական տանդեմի հետ պետք է շփվել միայն վավեր միջազգային փաստաթղթերի կոնտեքստում։  Երեսուն տարվա այս արատավոր շրջանից դուրս գալը հրամայական է։

Անվտանգության ոլորտի առնչությամբ այսօրվա կառավարությունը ելնում է այն մոտեցումներից, որ առաջ են քաշվել դեռ իննսունականներին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, որ մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է։ Այսինքն, թող Հայաստանի սահմանները պահեն ռուսները, Արցախի անվտանգությունը ապահովեն խաղաղապահները, իսկ մենք ի վիճակի չենք պաշտպանել մեզ, ապահովել մեր անվտանգությունը, և ամեն ինչ զիջելով՝ պետք է հայտնվենք անվտանգ վիճակում։ Սա մանիպուլյացիա է, քանի որ որքան զիջում ենք, պահանջներն այնքան շատանում են»,-շարունակեց բանախոսը։

Նրա խոսքով՝ այսօրվա իշխող խմբավորման ներքո կա երկու խումբ․ ռուսամոլների և արևմտամոլների, եւ դա անընդունելի է, քանի որ անվտանգության համար պատասխանատվությունը չի կարելի հանձնել ոչ Ռուսաստանին, ոչ հավաքական Արևմուտքին և ոչ առանձին արևմտյան երկրների, ոչ էլ ինչ-որ այլ մեկին, եւ միայն պահելով  պատասխանատվությունն ու իրավունքը մեր ձեռքերում՝ մենք պետք է խոսենք բոլոր երկրների հետ՝ փորձելով համադրել մեր շահերը։

Back to top button
Close