ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Կան այս քաղաքական գործընթացների ներքին եւ տարածաշրջանային պատճառներ»

Քաղաքագետ, պատմաբան Արեգ Քոչինյանը, ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում, հարց ուղղեց՝ մինչ Փաշինյանին Արցախը հանձնելու մեջ մեղադրելը անկեղծորեն պատասխանել այն հարցին, թե արդյոք 44-օրյա պատերազմից հետո Արցախից մնացած այն փոքր մասը վերահսկվում է Հայաստանի կողմից, և արդյոք Փաշինյանն ի վիճակի է որոշումներ ընդունել Արցախի վերաբերյալ։

Ըստ Քոչինյանի՝ արդեն երկրորդ անգամ է, որ նույն մարդիկ նույն կարգախոսներով՝ «Արցախը տալիս են», փորձում են գալ իշխանության։

«Փոխվել են բերանները, բայց գործիչները մնացել են նույնը, թեման նույնն է: Կան այս քաղաքական գործընթացների ներքին պատճառներ, կան տարածաշրջանային պատճառներ։ Ներքին պատճառների շարքում են արդարադատությունից խուսափելու, ժողովրդավարության գործընթացները կասեցնելու, իրենց «դասակարգային» շահերը սպասարկելու ցանկությունը։ Դա կապված չէ ոչ Արցախի հետ, ոչ էլ Հայաստանի պետական շահերի հետ։ Տարածաշրջանային պատճառները հիմնականում կապված են կարգավորման երկու զուգահեռ ձևաչափերի գոյության հետ՝ բրյուսելյան և մոսկովյան։

Ի սկզբանե պարզ էր, որ մոսկովյան գործընթացն անարդյունավետ է լինելու, որովհետև Ռուսաստանը շահագրգռված չէ հարցի կարգավորմամբ»։

«Տարածաշրջանը պետք է մնա ֆրագմենտավորված, կոնֆլիկտային տրամաբանության մեջ։ Ամեն ինչ արվում է, որպեսզի և այս, և այն ձևաչափում հնարավոր չլինի ինչ-որ բանի հասնել։ Ռուսական պետական մեդիայի կողմից ընդգծված ուշադրությունն այս ցույցերին հուշում է, որ դրանք «տաքացվում են» ռուսական դաշտից։ Ուշագրավ է վերջերս Հանրային ալիքի եթերում Արամ Սարգսյանի հայտարարությունը, որ Մոսկվայում Փաշինյանին որոշ փաստաթղթեր են դեմ տվել, և հայկական կողմը հրաժարվել է դրանք ստորագրել։

Արևմուտքը դիտարկում է Հայաստանը որպես մի երկիր, որը կախման մեջ է Ռուսաստանից։ Մի կողմից չի կարողանում մերժել, մյուս կողմից ամենևին էլ չի ձգտում թաթախվել ռուս-ուկրաինական պատերազմի մեջ։ Դրանով կարելի է բացատրել Արևմուտքի հանդուրժողական վերաբերմունքը Մոսկվայում ստորագրված մտահոգիչ բովանդակությամբ  ռուս-հայկական հայտարարությանը։ Մյուս կողմից Արևմուտքը պատրաստ չէ Արցախում անվտանգության պաշտպանության գործն իր վրա վերցնել, և այդ դերը, բազմաթիվ թերացումներով, կատարում է Ռուսաստանը»,-նշեց փորձագետը։

«Հայաստանի ինքնիշխանության հնարավորությունը  դեռ լիովին սպառված չէ։ Ջայլամի քաղաքականությունը, կոնֆլիկտի շարունակումը հանգեցնելու է Հայաստանի ավելի ծանր կորուստներին և ճարահատյալ ինտեգրմանը Ռուսաստանի հետ, ինքնիշխանության կորստին։ Հայաստանը ես տեսնում եմ որպես չեզոք երկիր, որի սահմանները միլիմետր առ միլիմետր ճշգրտված են»,-  ամփոփեց Քոչինյանը:

 

Back to top button