Եվրահանձնաժողովն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի դեմ

Եվրահանձնաժողովն առաջարկել է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակում սահմանափակող միջոցներ կիրառել նաեւ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի նկատմամբ:
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է Politico-ն։
«Առաջարկվող պատժամիջոցների ցուցակներում է նաև Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլը», — գրում է պարբերականը։
Բացի այդ, ըստ Politico-ի, առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան սպաների և այլ անձանց նկատմամբ, ովքեր, ըստ ԵՄ-ի, կապված են ուկրաինական Բուչայում տեղի ունեցած իրադարձությունների հետ։
Նաև Եվրահանձնաժողովն անհրաժեշտ է համարում արգելել Եվրոպայում ռուսաստանյան ընկերություններին աուդիտի, խորհրդատվական և PR ծառայությունների տրամադրումը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վերաբերյալ ԵՀ առաջարկները։ Մասնավորապես, Եվրահանձնաժողովն անհրաժեշտ է համարում արգելել ամբողջ ռուսական նավթի ներմուծումը ԵՄ։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նախօրեին վստահություն է հայտնել, որ ԵՄ երկրներն առաջիկա օրերին իրենց համաձայնությունը կտան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուն։