ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Ցեղասպանության ճանաչումը ոչ թե վերջնակետն է, այլ մեծ աշխատանքի սկիզբ». ցեղասպանագետ

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը կարծիք հայտնեց, որ բացասաբար չի ընկալում Հիշատակի օրվա խորհրդի և նշանակության շուրջ քննարկումները, քանզի աշխարհը փոխվում է։

«Եթե մենք նախկինում լոկ հիշողության պահպանման և ինքնության խնդիր էինք լուծում, ապա այժմ պիտի պետականությունը մեր առջև խնդիրներ դնի։ Եթե չկա տարբերություն պետություն ունենալու և չունենալու միջև, ուրեմն պետություն ստեղծելն իմաստ չունի։ Պետականության սկզբնավորման փուլում Մովսես Գորգիսյանը առաջ քաշեց կարևորագույն թեզ․ «Սուգը հավերժ է, եթե չկա պայքար»։ Դա շատ ճիշտ ուղերձ է։

Այսօր հասել ենք մի հանգրվանի, երբ բոլոր խոշոր երկրները, ումից սպասում էինք ցեղասպանության ճանաչում, արդեն ճանաչել են։ Հիմա պետք է հասկանանք, թե այս փուլից հետո ուր ենք շարժվում»,-նշեց Մանուկյանը։

Փորձագետը գտնում է, որ մեր կարևորագույն գոյաբանական խնդիրը Արցախյան հարցն է, և մենք պետք է օգտագործենք մեր ջանքերը ցեղասպանության ճանաչումն արցախահայության գոյությանը սպառնալիքների հետ կապակցելու ուղղությամբ. պետք է ցույց տալ, որ սա մի ընդհանուր երևույթի շարունակությունն է։

Ողջունելի են բաց և ներառական քննարկումները Եղեռնի հետ կապված, մեր անելիքների և ռազմավարության շուրջ։ Այստեղ պետք է հնչեն տարբեր գնահատականներ և սցենարներ, սակայն ըստ փորձագետի՝ մերթ ընդ մերթ օրիգինալ թվալու համար առաջ են քաշվում անընդունելի թեզեր։

«Բացարձակապես անընդունելի է «իսկ գուցե մենք էինք մեղավոր» կամ նմանատիպ թեզերի առաջ քաշումը։ Ցեղասպանությունը ծանրագույն հանցագործություն է և չունի որևէ արդարացում, չկա և որևէ մի պատճառ, որի հետևանքով այն արդարացվի՝ առանց անհատական մեղքի, զուտ ազգային, ցեղային, կրոնական պատճառով մարդկանց ֆիզիկական ոչնչացումն ադեկվատ պատճառ չի կարող ունենալ։

Այսօր, ցավոք, սկսվում է մի դարաշրջան, երբ հարցերը ուժով լուծելը դառնում է նորմա, և ցեղասպանության միջազգային ճանաչումը ևս մի անվտանգության երաշխիք է մեզ համար։ Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ ավելի փոքր և թույլ երկրները ի վիճակի են ծանր և զգայուն վնասներ պատճառել ավելի հզոր հակառակորդներին։

Նշանակում է, որ երկրորդ երաշխիքը բարձր պաշտպանունակությունն է՝ ցանկացած կարգի թշնամուն մեծ վնաս հասցնելու կարողությունը։  Եվ երրորդ երաշխիքը կարող է լինել միջազգային տնտեսական համակարգի ինչ-որ ոլորտում առաջատար դեր ստանձնելը, ինչպես օրինակ՝ Թայվանը ապահովում է կիսահաղորդիչների համաշխարհային արտադրության 65 տոկոսը, ինչն իրեն կարևորում է աշխարհի համար և որոշակիորեն սահմանափակում Չինաստանի նկրտումները»,-հայտարարեց Սուրեն Մանուկյանը։

Back to top button
Close