ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Եթե ընդունենք, որ այս պարտությունը պիտի դառնա մեր գաղափարախոսությունը, մեր վերջնական ճակատագիրը, ապա մեզ շատ դժվար է լինելու»

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդաշարի շրջանակում պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ բնականոն է հղում կատարելը դեպի անցյալը, ներկան անցյալի փորձառության տեսակետից գնահատելը, ինչը բնորոշ է նույնիսկ անհատներին։

«Պատմությունը, հատկապես նոր պատմությունը, լոկ անցյալ չէ, այլ շարունակական գործընթաց։ Բավական երկար պատմական շրջան է, որ մեզ շրջապատում են փաստորեն միևնույն պետությունները, իրենց գրեթե անփոփոխ շահերով, ինչը բնական է դարձնում համեմատությունը Առաջին հանրապետության և դրա ճակատագրի հետ»։

Տեր-Աբրահամյանը համամիտ չէ այն տեսակետին, որ պատմական համեմատությունները «միստիկա են», դրանք պարզ օրինաչափությունների փաստում են և վերլուծություն։

«Պատմագիտությունը չի կարող չլինել քաղաքականացված, քանզի պատմությունը հենց քաղաքական գործընթացների և իրադարձությունների շարադրությունն է։ Ցավոք, մեր պատմագիտությունը մինչ այսօր մնում է խորհրդային պատմագիտություն, դրան հատուկ շեշտադրմամբ և առաջնայնություններով և չի համապատասխանում անկախ պետություն ունենալու պահանջներին և նպատակներին։ Եթե զգույշ վերաբերվել անալոգիաներին և զատել պատահականը օրինաչափից, ապա կարելի է տեսնել հստակ նմանությունը այսօրվա մեր իրավիճակի և 100 տարի առաջվա իրողությունների միջև։ Այդ օրինաչափությունները կարելի է շարադրել որոշակի մոդելների ձևով և ներկայացնել էլիտային, եթե իհարկե իրենք ցանկություն կունենան ծանոթանալ դրանց հետ։

Իրենց բոլոր թերացումներով և սխալներով հանդերձ Առաջին հանրապետության ժամանակաշրջանի գործիչները գաղափարի, պայքարի և անկախության հստակ տեսլականով մարդիկ էին՝ ի տարբերություն ներկայիս քաղաքական վերնախավի։ Պատերազմը ոչ միայն մարտական գործողություններով է ընթանում. հոռետեսության սերմանումը, հուսալքվածությունը, դիմադրողականության բացակայությունը նույնպես պատերազմի մի մաս են։

Մեր վերնախավի որոշ մասը նախապես էր պատրաստվել այս պատերազմին և դրանում պարտությանը։ Ես ուշադիր հետևել եմ այդ օրերին և նույնիսկ մեկ դեպք չեմ լսել, որ խոսվեր համընդհանուր դիմադրության մասին։ Նույնիսկ շատ գործիչներ չդատապարտեցին ադրբեջանական ագրեսիան»,-հայտարարեց պատմաբանը։

Back to top button
Close