«Ն.Նազարյանի սադրիչ վարքը կարող էր բերել արյունահեղության»

ՀՀ ոստիկանության օրվա նախօրեին Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի անականկալ պաշտոնանկության և Աշոտ Կարապետյանի նշանակման շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ:
Մեր զրուցակիցն իր խոսքում դրական գնահատեց Ներսիկ Նազարյանի պաշտոնանկությունը, քանի որ նրա մասին մամուլում եղած ինֆորմացիան բոլորվին չէր բխում իր շահերից: «Տեղի է ունեցել բավականին նշանակալի փոփոխություն, հատկապես Ներսիկ Նազարյանին հանելու առումով, հատկապես այն իմաստով, որ Ներսիկ Նազարյանի անունը շրջանառվում էր Մարտի մեկի դեպքերի հետ կապված, Ներսիկ Նազարյանի, ասպես ասած, սադրիչ վարքի մասին խոսվեց նաև վերջին ՝ ապրիլի 9-ի դեպքերի հետ կապված, դա կարող էր պարզապես բերել արյունահեղության, ուրեմն այստեղ հարցն այնպես էր, որ կա´մ նա պրոֆեսիոնալ չէ, կա´մ էլ նա պարզապես սադրիչ էր, որը կատարում էր պարզ քաղաքական պատվեր, որովհետև եթե լիներ արյունահեղություն, դրա քաղաքական հետևանքները դժվար չէր պատկերացնել, դա կարող էր լինել պատվեր հենց այն շրջանակների մեջ, ովքեր այդ հետևանքներում շահագրգռված են»,- նշեց վերլուծաբանը:
Անդրադառնալով Երևանի ոստիկանապետի պաշտոնում Աշոտ Կարապետյանի նշանակմանը, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Գրիշա Վիրաբյանի գործի շրջանակներում հիշատակված Աշոտ Կարապետյանի իրականացրած բռնությունների մասին լրատվամիջոցներում տարածված լուրերին, մեր զրուցակիցը նախ և առաջ նշեց, որ Երևանի նման քաղաքի ոստիկանապետը պետք է լինի անբասիր կենսագրությամբ և օրենքին նվիրված անհատ. «Կարևոր է, որ որևէ բարձր պաշտոնում նշանակվելուց հետո հասարակությունը վեր հանի տարբեր փաստեր այդ մարդու մասին, ես կարծում եմ, պետք է շարունակել հետամուտ լինել, ի վերջո, պարզվի` ով է նա, ինչ է ուզում անել և ընդհանրապես Երևանի՝ մեկ միլիոնանոց քաղաքի ոստիկանության պետը, իմ պատկերացմամբ, պետք է լինի անբասիր և օրենքին նվիրված մարդ»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը:
Աղասի Մարգարյան