Մշակույթ/ՊատմությունՆորություններ

«Նկարիչը և էրոսը»․ բացառիկ ցուցադրություն Հայաստանի Թեքեյան մշակութային միությունում

Ապրիլի 27-ին բացվեց Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանի՝ «Նկարիչը և էրոսը» խորագրով գեղանկարների ցուցադրությունն ու կայացավ նույնանուն պատկերագրքի շնորհանդեսը։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ կազմակերպված ցուցադրությունը բացառիկ է․ հայ գեղանկարիչներից մի քանիսը ստեղծագործել են էրոտիկայի թեմայով, սակայն երբևէ այն չի ներկայացվել ցուցադրության։

Ներկայացվեց շուրջ 45 աշխատանք․ դրանցում նկարիչը մարմնավորել է ֆիզիկական սիրո տիեզերական ներդաշնակությունը։ Ստեղծագործություններում արտացոլված են ոչ միայն գրկախառնության և քնքուշ  համբույրի պահեր, այլ զգացական սիրո վայելքին տրված կնոջ և տղամարդու կրքոտ կերպարներ՝ ներքին ազատության և հաճույքի շեշտադրումներով։

Հայաստանի ժողովրդական նկարիչը մեկն է կերպարվեստի այն հայտնի վարպետներից, որ շեղվել է «բարոյականության խիստ օրենքներից» և շուրջ քառասուն տարի ստեղծագործում է այդ թեմայով։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց նկարչին բացառիկ ցուցահանդեսի առթիվ և ևս մեկ անգամ  վստահեցրեց՝ Փարավոն Միրզոյանը հայ դասական նկարիչներից է։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհավորեց ցուցահանդեսի բացման առթիվ և նշեց, որ Փարավոն Միրզոյանն ազատ է իր ստեղծած արվեստում․ ցուցադրությունը դրա վառ ապացույցն է։

«Այս թեմային շատ նկարիչներ են անդրադարձել, բայց քչերն են համարձակություն ունենում ցուցադրելու, քանի որ եզրագիծը մի փոքր անգամ խախտելու դեպքում գռեհիկ կստացվի և կարող է նույնիսկ դիտողին վնասել։ Ստեղծագործությունները դիտելիս միայն արվեստ ենք տեսնում, նկարչի հոգեվիճակը և այն ապրումները, որը փորձել է նա դնի իր աշխատանքներում»,-նշեց Սուրեն Սաֆարյանը։

«Այս հավաքածուն կեսդարյա պատմություն ունի։ Էրոսը կյանքի թեման է։ Ֆիզիկական սերը դառնում է հոգեվիճակ, մարդու սիրո ճանապարհի օրինակ։ Սերը չի կարող միայն ֆիզիկական լինել, դա սիրո պոեզիա է»,-նշում է Հայաստանի ժողովրդական նկարիչն ու վստահեցնում՝ եթե նկարչության մեջ էրոս-էրոտիկա զգացմունքը չեղավ, արվեստը թույլ է։

Նկարիչը խոստովանում է՝ իրեն ամենաշատը հետաքրքրում է ժամանակը, իր ապրած շրջանը, որի գեղեցիկի արտահայտությունն էլ ընդգծել է իր ստեղծագործություններում։

«Շատերը կարծում են, որ ես կանանց նկարիչ եմ, բայց կինը, միրգը, արևը, լուսինը՝ բոլորը համահունչ և հավասարազոր գեղեցկություն են, որոնք փորձում եմ նկարագրել իմ ժամանակի արվեստի մեջ։  Գեղեցկությունը չափերի կամ գույների մեջ չէ, այն մարդկային զգացմունքների մեջ է»,-նշում է Փարավոն Միրզոյանն ու ևս մեկ անգամ հավաստիացնում՝ իր  ստեղծագործությունների գերակշռող մասը կանայք են, որոնցում նա տեսնում է մայրության, սիրո և հակասական այլ զգացողություններ ևս։

Ժողովրդական նկարչի՝ էրոսի թեմատիկայով աշխատանքները տպագրվել են «Նկարիչը և էրոսը» պատկերագրքում, որը Մոսկվայում կայացած միջազգային մրցույթին արժանացել է Գրան-պրիի։ Ի դեպ, այս թեմայով պատկերագիրքը ևս առաջինն է մեզանում։

Նշենք, որ «Նկարիչը և էրոսը» խորագրով ցուցադրությունը Հայաստանի Թեքեյան մշակութային միությունում բաց կլինի մինչև ապրիլի 29-ը։

Back to top button