ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«2020թ.-ի պատերազմն ավարտված չէ. այն մտել է սառը՝ հոգեբանական ազդեցության փուլ»

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում անվտանգության և ռազմական հարցերով վերլուծաբան Հրաչյա Արզումանյանն իր գնահատականն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց ելույթներին՝ նշելով, որ դա Ազգային ժողովում լոկ որպես հանրային կարծիքը ստուգելու և, այսպես կոչված, «օվերտոնի պատուհանը» ընդլայնելու փորձ էր։

Արցախի հարցի շուրջ է ձևավորվել Երրորդ Հանրապետությունը, այն արտացոլվել է Անկախության հռչակագրում, և դժվար է պատկերացնել, որ հայ ժողովուրդն այդքան արագ կփոխի իր մոտեցումը արցախյան հարցին, առավել ևս, որ հայ հասարակությունը, ըստ փորձագետի, շատ բացասաբար ընկալեց այդ ուղերձը, եւ հիմա արդեն փորձեր են արվում ներկայացնելու, որ հանրությունը սխալ է ընկալել ասածը և այլն։

«Խոսելով Արցախի մասին՝ պետք է հիշել, որ այն գտնվում է ծանր վիճակում, որ այնտեղ առկա է ռուսական և թուրքական ռազմական ներկայություն։ Արցախը, փաստորեն, օկուպացիայի տակ է, բայց արցախցիները փորձում են հասկանալ, թե ինչպես պիտի դիմակայեն այդ իրավիճակին։ Դիմադրությունը ընկալվում է ոչ թե քաղաքական դաշտում, այլ ավելի պրակտիկ. ռազմական դիմադրության մասին է խոսքը։ Արցախում մենք ունենք Պաշտպանության բանակի վերականգնման հարցը, ռուսական ռազմական ներկայության հետ հակասական հարաբերությունների կարգավորման հարցը՝ ինչպե՞ս մենք պիտի ձևավորենք մեր քաղաքականությունը, եթե ռուսական ուժերը շարունակեն այդպես պահել իրենց և այդպես իրականացնեն խաղաղապահ գործառույթները»,- շարունակեց Հրաչյա Արզումանյանը։

Փորձագետն ընդգծեց, որ արցախցիները ժամանակ չունեն Երևանի քաղաքականության ընկալման համար և զբաղված են կոնկրետ հարցերով։

«Իհարկե Հայաստանի իշխանությունները փորձում են իրենց վրայից հանել Արցախի համար պատասխանատվությունը, բայց դա նոր չէ: Հենց այդ պատճառով դեռ 90-ական թթ. սկզբին Արցախի և Հայաստանի միավորման միանշանակ որոշումը փոխարինվեց Արցախի առանձնացման քաղաքականությամբ։ Եվ այդ անհեռատես քայլի պատճառով մենք ունեցանք այն տապալումները, որոնք այսօր ակնհայտ են։

Այսօր դժվար է հասնել ազգային միասնության, որովհետև արտաքին թշնամական ուժերը կիրառում են այն դասական միջոցները, որոնք նպաստում են պառակտմանը, ռեգիոնալիզացիային, փոխադարձ անվստահությանը։ Սկզբի համար փորձագիտական, վերլուծական շրջանները պետք է փորձեն ձևավորել այն ռազմավարությունը, որը հնարավորություն կտա այս բարդ պայմաններում մնալ և զարգանալ։ Իսկ նմանատիպ փորձ աշխարհում կա, և դա միանգամայն  իրատեսական նպատակ է։ Ցանկացած փորձ՝ Ռուսաստանի մասնակցությամբ «վերջնականապես լուծել Արցախի հարցը», անհեռանկար է՝ հաշվի առնելով այն խնդիրները, որ կանգնած են Ռուսաստանի առջև»,-հայտարարեց Հրաչյա Արզումանյանը։

Back to top button
Close