Մոսկվայի «Արմենիա» կենտրոնն ու ադրբեջանցիների ջղաձգումները

Համառուսաստանյան Ցուցահանդեսային կենտրոնը հանդիսանում է աշխարհի խոշորագույն տոնավաճառներից մեկը, որտեղ կան ավելի քան 400 շենքեր: ԽՍՀՄ անկումից հետո հիմնականում օգտագործվում է որպես տոնավաճառ: 2002թ.-ին այստեղ հիմնադրվել է Հայաստանի առեւտրացուցահանդեսային կենտրոնը։ Հայկական տաղավարն ունի մշտական գործողի կարգավիճակ։ Կենտրոնում հյուրընկալվել են «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատանքային խմբի անդամները:
Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնն`ավելի հայտնի BDHX անունով, տեղակայված է 238 հեկտար ընդհանուր մակերեսով տարածքում, որը հարուստ է արժեքավոր ճարտարապետական գործերով, հուշարձաններով եւ շենքերով: Հայաստանի առեւտրացուցահանդեսային կենտրոնը հիմնադրվել է 2002թ-ին։ 1800 քմ. մակերեսով հայկական տաղավարում կարելի է գտնել շուրջ 200 հայկական ձեռնարկությունների արտադրանք: Այստեղ ներկայանալու ցանկություն առաջիններից հայտնել են ոսկերչական ընկերությունները: Հայ ոսկերիչների եւ արծաթագործների ձեռքի աշխատանքները բարձր են գնահատվում ռուսների եւ այլ ազգերի հաճախորդների կողմից:
Բնականաբար, ներկայացված են հայկական կոնյակն ու գինին, որոնք մեծ պահանջարկ ունեն եւ շատերն հատուկ այցելում են այստեղ` 1 գավաթ անուշաբույր խմիչք վայելելու համար: Կան նաեւ կոշիկի, հագուստի վաճառքի կետեր։ Կարեւորներից է գրախանութը, հայկական նվագարանների ցուցասրահը եւ հուշանվերների սրահը, որը այցելուների պակաս չունի: Այլ վայրերից ժամանած հայերն ու այլազգի այցելուները իրենց պարտքն են համարում այստեղից Հայաստանի մի փոքրիկ պատառիկ տանել իրենց հետ`խաչքարի, արձանիկի կամ բնապատկերի տեսքով:
Հայկական կենտրոնի տնօրեն Արամ Մանուկյանը «ԳԱԼԱ»-ի աշխատախմբին ներկայացրեց տաղավարում ցուցադրվող եւ վաճառվող ամբողջ տեսականին: Ինչպես նշում էր, բոլորն այստեղ պատրաստ են հյուրերին ներկայացնել Հայաստանի պատմությունը, մշակույթն ու ազգային ավանդույթները:
Կենտրոնի մթերային վաճառասրահներում կարելի է ձեռք բերել նաեւ հայկական տարբեր մթերքներ: Տեղաբնակ հայերը հայրենիքի համ ու հոտով պանրի, պահածոների, խմիչքի, մսամթերքի եւ հրուշակեղենի պակասություն չեն զգում:
Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում կազմակերպվում է 150 ցուցահանդես, օրական այցելում է 80¬ից 100 հազար, իսկ հանգստյան օրերին` մինչեւ 300 հազար մարդ։ Հայկական տաղավարը ներդրումների հոսք է ապահովում, նաեւ Հայաստանի վարկանիշի ձեւավորման լավագույն վայրերից է։
2002թ-ին, երբ հիմնվեց հայկական կենտրոնը, նման տաղավար ուներ միայն Ուկրաինան։ Հետագայում տաղավարներ ստեղծեցին նաեւ ղրղզները, ղազախները, բելոռուսները: Ի դեպ ադրբեջանցիներն, ինչպես միշտ, ջղաձգումների մեջ են: Նրանք ցանկանում են տեղավորվել Ռուսաստանի ֆեդերացիայի նախկին տաղավարում, սակայն առայժմ չի ստացվում եւ ստիպված են բավարարվել հայկական ռեստորանի հարեւանությամբ տեղադրված իրենց անճաշակ, շարժական խորովածանոցով:
Կենտրոնի «Հայաստան» տաղավարում անցկացվել են բազմաթիվ ցուցադրություններ, այժմ ներկայացված են նշանավոր միկրոքանդակագործ Էդուարդ Ղազարյանի գործերը, իսկ 2011-ին ԱՊՀ 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսի շրջանակում այստեղ նշվեց Հայաստանի օրը: