ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԴ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՐԶ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նորվեգիան ողջունում է ՀՀ եվրաինտեգրման ջանքերը. Կնուտ Հոուգ

Նորվեգիան տարբեր ժամանակներում գտնվել է նախ` Դանիայի, ապա՝ Շվեդիայի գերիշխանության ներքո: Անկախություն է ձեռք բերել 1905 թ.-ին: Այսօր Նորվեգիան աշխարհի ամենահարուստ եւ բարեկեցիկ երկրներից է: Հայաստանում Նորվեգիայի դեսպանն էր Կնուտ Հոուգին, ով համատեղության կարգով, դիվանագիտական գործունեություն է իրականացնում  նաեւ Ռուսաստանում եւ Ոզբեկստանում: Նստավայրը Մոսկվայում է, որտեղ օրերս հյուրընկալվել էին «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակիցները:

1944թ.-ից  ԽՍՀՄ-ում Նորվեգիայի դեսպանատուն է ծառայել այն շենքը, որտեղ մինչ օրս աշխատում են դիվանագիտական կազմերը:  Այսօր դեսպանատանն աշխատում է շուրջ 80 մարդ, 30-ը նորվեգացիներ են, մյուսները` հիմնականում ռուսներ: Դեսպանը Կնուտ Հոուգն է, ով տարբեր պաշտոններ է զբաղեցրել Նորվեգիայի արտգործնախարարությունում եւ  դիվանագիտական կառույցներում:  4 տարի դեսպան է եղել Մեծ Բրիտանիայում, այնուհետ Լեհաստանում, իսկ 2009թ.-ից՝ Ռուսաստանի Դաշնությունում եւ Հայաստանում Նորվեգիայի դեսպանն է: Պարոն Հոուգի խոսքերով, Նորվեգիայի կառավարությունը ծրագրեր է իրականացնում Անդրկովկասի 3 երկրներում` կարեւորելով օբյեկտիվ, հավասարակշիռ մոտեցումն ու աշխատաոճը:

Հայաստանում իրականացվող ծրագրերը կոչված են աջակցել քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, նպաստել ազատ խոսքի, մամուլի, ժողովրդավարական արժեքների կայացման գործընթացին: Դեսպան Հոուգը խիստ կարեւորեց հայաստանյան անկախ լրատվամիջոցների` մասնավորապես «ԳԱԼԱ » հեռուստաընկերության դերն ու նշանակությունը, նաեւ եվրաինտեգրման Հայաստանի ձգտումները:

Նորվեգիան ունի զարգացած տնտեսություն: Երկրի բնակչության 1 շնչին ընկնող էլեկտրաէներգիայի արտադրությամբ աշխարհում գրավում է առաջին տեղը: Իսկ աշխարհի ամենաթանկարժեք 400  քաղաքների ցանկի առաջատարն է Նորվեգիայի մայրաքաղաքը`Օսլոն:  Նվազագույն աշխատավարձը, որը համեմատվում է  սպառողական զամբյուղի և ապրանքների ու ծառայությունների գների հետ, միջին եվրոպականից բարձր է:  Դա նավթի եւ բնական գազի հսկայական պաշարների եւ դրանց վաճառքից ստացված եկամուտների շնորհիվ է:  Որոշ տվյալներով, նավթի պաշարները հասնում են 6,7 մլրդ. բարելի, սակայն նոր հանքավայրերի շահագործման շնորհիվ, այդ թիվը պարբերաբար աճում է: Հենց իրենց ժողովրդավարության եւ քաղաքակրթության բարձր մակարդակի շնորհիվ նորվեգացիները կարողացան ճիշտ օգտագործել անսահմանափակ այդ հարստությունը:

Դեսպանի խոսքերով, քաղաքացիական գիտակից հասարակությունը ամենակարեւոր դերն ունի իսկական ժողովրդավարության ձեւավորման եւ եվրոպական միության հետ ընդհանուր եզրեր գտնելու ճանապարհին: Հայաստանը, թեեւ դանդաղ տեմպերով, բայց այդ ուղղությամբ շարժվում է առաջ, իսկ այդ ճանապարհին, ըստ դեսպան Հոուգի, ՀՀ-ը պետք է դիմակայի մի շարք մարտահրավերների` թե արտաքին, թե ներքին:

Մեծ եղեռնի տարիներին և դրան հաջորդած ժամանակաշրջանում հայ գաղթականների դրության բարելավման համար զգալի աշխատանք են կատարել նորվեգացի մտավորականները, առանձնապես Ֆրիտյոֆ Նանսենը, ում օգնությամբ բազմաթիվ հայ փախստականներ ստացել են «Նանսենյան անձնագիր»: Նա բազմաթիվ հոդվածներ է նվիրել հայ ժողովրդի պատմությանը և Հայաստանին: 1925 թ-ին անձամբ եկել է Հայաստան՝ տարագրված հայերին Հայաստանում վերաբնակեցնելու առաքելությամբ: Դեսպան Կնուտ Հոուգը ներկայացրեց նաեւ իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների եւ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

Ներկայումս Նորվեգիայում բնակվող հայերի թիվը հասնում է 1000-ի, որոնք կենտրոնացած են Օսլոյում: Հիմնականում արհեստավորներ են, սպասարկման ոլորտի աշխատողներ: Գործում է Հայ-նորվեգական միությունը եւ հայկական կիրակնօրյա մեկ դպրոց:   

Ի դեպ,  դեսպան Կնուտ Հոուգը Հայաստան այցելում է պարբերաբար: Նա վերջերս կրկին մեր երկրում էր: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեսպանի հետ հանդիպման ժամանակ, շնորհակալություն է հայտնել նրան` երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կատարած աշխատանքի համար:  Դեսպան Հոուգն ընդգծել է, որ իր գործունեության ընթացքում ձգտել է հնարավորինս նպաստել հայ-նորվեգական հարաբերությունների ընդլայնմանը եւ այդ գործում ունեցած ներդրման համար արժանացել է հուշամեդալի:

Կնուտ Հոուգը «ԳԱԼԱ »-ի լրագրողների հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց նաեւ դեսպանության շենքի պատմության մասին: Ճարտարապետական արժեք համարվող կառույցը ցարական շրջանում պատկանել է Գրաչով ազգանունով մի առեւտրականի. կառուցվել է 1880-ական թվականներին եւ պահպանվում է նույն տեսքով եւ կահավորանքով:

Դեսպան Կնուտ Հոուգը եւ իր աշխատակազմի անդամները, մեր աշխատախմբին հրաժեշտ տալուց հետո, խոստացան կրկին այցելել Հայաստան, քանի որ այդ երկրի եւ նրա բնակիչների ջերմությունն ու հյուրընկալությունն ուղղակի  ձգողական ուժ ունի:

Ավելին
Back to top button