ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԴ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՐԶ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գազի թանկացման եւ Լավրովի հայտարարության իրական վտանգները

Պաշտոնական Մոսկվան վերջին տարիներին ակտիվորեն ներգրավվել է Կովկասյան տարածաշրջանում ազդեցության առաջատար դիրքի համար մղվող պայքարին։ Ինչպիսի՞ կարգավիճակ ունի Հայաստանը շահերի բախման էպիկենտրոնում, և ի՞նչ կարող է ակնկալել մեր երկիրը՝ պահպանելով Ռուսաստանի հետ հարաբերությունների ընթացիկ մակարդակը:

 

Միջազգային հարաբերությունների նորօրյա համակարգում գերիշխում են անվտանգության երկու ազդեցիկ ուժեր: Ռուսաստանը վերիմաստավորել է իր արտաքին քաղաքականությունը կովկասյան երկրների հանդեպ՝ շեշտադրումը կատարելով ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հարցերի վրա։ Դաշնությունը փորձում է այստեղ հաստատել իր ազդեցությունը՝ ձեռքը վերցնելով այդ երկրների էներգետիկան, տրանսպորտը, հաղորդակցությունը և այլն։

 

Իսկ Հայաստանն ընտրել է Եվրամիության հետ մերձեցման ուղին: Ակնհայտ է, որ Մոսկվան բավական դժգոհ է Հայաստանի այդ ընտրությունից և փորձում է նրբորեն ակնարկել իր այդ տրամադրությունը գազի թանկացման կամ ազերիների ականջներին հաճո հայտարարությունների տեսքով: Այս շրջանակում կարելի է դիտարկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը ստատուս քվոյի անընդունելի լինելու մասին, ինչը Հայաստանում միանշանակ չընկալվեց:

Իսկ գազի գնաճն, անգամ հայ փորձագետների պնդմամբ, լիովին նորմալ երևույթ է, քանի որ պարզ է, որ ինչ-որ մի օր Ռուսաստանը մեզ գազը վաճառելու էր բոլորի համար ընդունված գնով: Իսկ ռուս փորձագետները խնդիրներ տեսնում են «Գազպրոմի» վարած գնային քաղաքականության

մեջ և հայկական կողմի պատասխանատու կառույցների անբարեխիղճ աշխատանքում, բայց բացառում են, որ դա պաշտոնական Մոսկվայի կողմից՝ գազի գնաճը որպես լծակ օգտագործելու միջոց է:

Ցավոք, թե բարեբախտաբար, Հայաստանի ազգային անվտանգության հարցն ուղղակիորեն կապված է Ռուսաստանի հետ։ Սակայն անվտանգության ու պաշտպանության ակնկալիքը չպետք է արդարացնի մեծ գործընկերոջ քաղաքական կամայականությունները կրտսերի նկատմամբ:

Էդուարդ Մխիթարյան

ՌԴ, ք. Մոսկվա

Ավելին
Back to top button