«Եթե Հայաստանի իշխանությունը համաձայնվի Արցախին մշակութային ինքնավարություն տալուն, ապա դա պարզապես խայտառակություն կլինի»
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքերով՝ եթե Հայաստանի իշխանությունը համաձայնվի Արցախին մշակութային ինքնավարություն տալուն, ապա դա պարզապես խայտառակություն կլինի, և դա նշանակում է 100.000-ից ավելի բնակչությանը ստիպել, որպեսզի լքեն իրենց հայրենիքը:
«Բանակցային գործընթացի բացակայությունն ավելի է մեծացնում ռազմական էսկալացիայի հավանականությունը: Կարծում եմ, որ բրյուսելյան այս հանդիպման ընթացքում հիմնական շեշտը դրված է լինելու ճանապարհների ապաշրջափակման բանակցությունների շարունակության վրա: Ինչպես գիտենք, 2021թ.-ի դեկտեմբերի 14-ին ձեռք էին բերվել որոշակի պայմանավորվածություններ երկաթգծի վերականգնման հարցով:
Կարծում եմ, որ փորձ է կատարվելու համաձայնության հասնել նաև ճանապարհների ապաշրջափակման հարցով, և եթե այդպիսի պայմանավորվածություններ ձեռք բերվեն, ապա հավանական է, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվել, եթե ոչ այս հանդիպման ընթացքում, ապա միգուցե ապագայում:

Այդ մասին խոսել է նաև Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ: Նա հայտարարել է, որ Հայաստանին պետք են գրավոր երաշխիքներ, որ երկաթգծի վերականգնման պարագայում Ադրբեջանը համաձայնվելու է բացել սահմանները»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ անդրադառնալով ապրիլի 6-ին Բրյուսելում կայանալիք Նիկոլ Փաշինյան — Իլհամ Ալիև — Շառլ Միշել եռակողմ հանդիպմանը:
Գրիգորյանի խոսքով՝ հանդիպման մյուս առանցքային թեման, ամենայն հավանականությամբ, լինելու է խաղաղության պայմանագրի օրակարգը:
«Հայաստանը մի կողմից հայտարարում է, որ Ադրբեջանի սկզբունքները, առաջարկներն ընդունելի են իր համար, բայց մյուս կողմից այդ առաջարկներին ավելացրել է իր սեփական առաջարկները, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, և ուղարկել Բաքու: Հենց այդ հարցերի շուրջ համաձայնության հասնելը կարծում եմ, որ լինելու է բավականին դժվար, որովհետև Ադրբեջանը իր առաջարկների մեջ չի ներառել Արցախյան հակամարտությունը, Ադրբեջանը որդեգրել է այնպիսի դիրքորոշում, որ Արցախյան հակամարտությունը ավարտված է, և նույնիսկ գոյություն չունի Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքային միավոր: Հայաստանի համար անհնար է ստորագրել որևէ խաղաղության պայմանագիր առանց անվտանգության երաշխիքների Արցախի ժողովրդի համար, առանց Արցախի կարգավիճակի:
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում առաջընթաց հնարավոր է, եթե կողմերից մեկը հետքայլ կատարի իր որոշումներից, բայց կարծում եմ, որ դա քիչ հավանական սցենար է»,- նշեց քաղաքագետը:
Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ հայկական կողմի համար հետքայլ անելու տեղ չկա:
«Այն առավելագույնը, ինչին համաձայն է Բաքուն, այսպես կոչված, մշակութային ինքնավարության տրամադրումն է Լեռնային Ղարաբաղին, որը չի ենթադրում որևէ տարածքային կոմպոնենտ: Այսինքն՝ մշակութային ինքնավարություն կարող են ունենալ տարբեր էթնիկ մեծամասնություններ, առանց նույնիսկ գտնվելու որևէ տարածքում:
Օրինակ՝ Կրասնոդարի շրջանի հայ համայնքը ևս ունի մշակութային ինքնավարություն, որը նրանց թույլ է տալիս ինչ-որ գրառումներ կատարել իրենց խանութների վրա կամ հայկական դպրոցներ ունենալ և այլն:
Մշակութային ինքնավարությունը չի լուծում Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրը, չի կարող համարվել քաղաքական կարգավիճակ կամ ընդհանրապես կարգավիճակ: Եթե Հայաստանի իշխանությունը համաձայնվի Արցախին մշակութային ինքնավարություն տալուն, ապա դա պարզապես խայտառակություն կլինի, և դա նշանակում է 100.000-ից ավելի բնակչությանը ստիպել, որպեսզի լքեն իրենց հայրենիքը»,- եզրափակեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:
Անահիտ Չալիկյան