Միջազգային մամուլի տեսությունՆորություններՏնտեսական

«Վիրավոր արջը. ինչպես է Ռուսաստանի տնտեսությունն առայժմ հաղթահարում պատժամիջոցները». The Economist

Բրիտանական The Economist հանդեսը «Վիրավոր արջը. ինչպես է Ռուսաստանի տնտեսությունն ապրում աննախադեպ պատժամիջոցների պայմաններում» վերնագրով հոդվածում պնդում է՝ մինչ այժմ այն ​​ավելի լավ է հաղթահարում պատժամիջոցները, քան դուք կարող եք մտածել:

«Ի պատասխան Ուկրաինա ներխուժման՝ Արեւմուտքը տնտեսական պատերազմ հայտարարեց Ռուսաստանին: ԱՄՆ-ն արգելեց ապրանքների լայն տեսականի վաճառել Ռուսաստանին, խոշորագույն ընկերությունները մեկը մյուսի հետևից լքեցին երկիրը, իսկ Կենտրոնական բանկի արտերկրում պահվող պահուստների 60%-ը սառեցվեց»,- ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, գրում է The Economist-ը։

«Գաղափարը Պուտինին պատժելն էր ագրեսիայի համար՝ տապալելով ռուսաստանյան տնտեսությունը: Մեկ շաբաթ անց ռուբլու փոխարժեքը  դոլարի նկատմամբ նվազեց 1/3-րդով, իսկ ռուսաստանյան շատ ընկերությունների բաժնետոմսերի գները փլուզվեցին։

ՌԴ շուկաներում քաոսը կարծես թե հանդարտվել է: Մարտի սկզբին գրանցված անկումից հետո ռուբլին ամրապնդվել է, և դրա փոխարժեքը մոտենում է նախապատերազմյան ժամանակաշրջանին։ Ռուսաստանյան ֆոնդային շուկայի հիմնական ցուցանիշը նվազել է 1/3-րդով, սակայն հետագայում մասամբ վերականգնվել են կորուստները։

Կառավարությունը և ընկերությունների մեծ մասը պարտատոմսերը վճարում են արտարժույթով: Կանխիկի զանգվածային դուրսբերումները՝ գրեթե 3 տրիլիոն ռուբլի, ավարտվել են, և բնակիչները գումարների մեծ մասը վերադարձրել են իրենց հաշիվներին։

Ձեռնարկված մի շարք միջոցառումներ նպաստեցին շուկաների կայունացմանը։ Որոշ միջոցառումներ ավանդական էին, օրինակ՝ Կենտրոնական բանկի դրույքաչափը 9,5%-ից 20% բարձրացնելը, ինչը խրախուսում էր բնակչությանը միջոցները պահել ռուբլու հաշիվներում»,-գրում է պարբերականը։

«Ռեալ տնտեսությունն ինչ-որ առումով արտացոլում է ֆինանսականը. այն ավելի առողջ է, քան թվում է առաջին հայացքից։

Միայն մարտի սկզբին են սպառողական գներն աճել ավելի քան 5 տոկոսով։ Շատ օտարերկրյա ընկերություններ լքել են շուկան՝ դադարեցնելով իրենց ապրանքների մատակարարումները, իսկ ռուբլու թուլացումը և պատժամիջոցները բարձրացրել են ներկրվող ապրանքատեսականու գինը:

Բայց ամեն ինչ չէ, որ թանկացել է։ Օղու գինն ընդամենը մի փոքր է ավելի, քան պատերազմից առաջ էր: Բենզինը գրեթե նույն գինն ունի, ինչ նախկինում էր: Դեռևս քիչ նախանշաններ կան, որ տնտեսական ակտիվությունը մեծ հարված է ստացել:

Համաձայն ՏՀԶԿ-ի (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն), Ռուսաստանի ՀՆԱ-ն մարտի 4-րդ շաբաթվա ընթացքում մոտ 5%-ով ավելի է եղել, քան մեկ տարի առաջ էր։

Economist-ի փորձագետների կողմից հավաքագրված այլ տվյալներ ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի սպառումը և երկաթուղային փոխադրումները պահպանվում են նորմալ մակարդակի վրա:

«Սբերբանկի» ծախսերի վերլուծության գործիքները ցույց են տալիս, որ բնակչությունը մի փոքր ավելի է ծախսում, քան մեկ տարի առաջ:

Սա մասամբ պայմանավորված է նրանով, որ մարդիկ, թանկացումների մտավախությամբ, պահեստավորում են: Հատկապես ակտիվորեն գնում են կենցաղային տեխնիկա։ Բայց ծառայությունների ծախսերը միայն մի փոքր են նվազել և մնում են շատ ավելի ամուր դիրքերի վրա, քան համաճարակի ժամանակ»,-գրում է բրիտանական հանդեսը:

«Այնուամենայնիվ, այս տարի Ռուսաստանը կարծես թե մտնում է ռեցեսիայի փուլ: Ոմանք կանխատեսում են ՀՆԱ-ի անկում 10-15%-ով՝ կախված երեք գործոններից.

Առաջինն այն է, թե արդյո՞ք շարքային ռուսաստանցիները կսկսեն անհանգստանալ տնտեսության համար, քանի դեռ պատերազմը շարունակվում է, և, համապատասխանաբար, կսկսեն տնտեսել՝ ծախսերը կրճատելով, ինչպես եղավ 2014 թվականին, երբ Ռուսաստանը միացրեց Ղրիմը:

Երկրորդն այն է, թե արդյո՞ք կկանգնի արտադրությունը պատժամիջոցների պատճառով: Հատկապես խոցելի է Ռուսաստանի ավիացիոն ոլորտը, ինչպես նաև ավտոարդյունաբերությունը: Բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ դեռ խորհրդային տարիներից գործող շատ ձեռնարկություններ առանց ներկրվող ապրանքի աշխատելու փորձ ունեն։ Եվ եթե ​​որևէ մեկի տնտեսությունը կարող է ինչ-որ կերպ գլուխ հանել աշխարհից մեկուսացված, ապա դա Ռուսաստանինն է:

Երրորդ եւ ամենակարեւոր գործոնը ռուսաստանյան էներգակիրների արտահանումն է։ Չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը դեռ ամսական 10 միլիարդ դոլարի նավթ է վաճառում օտարերկրյա գնորդներին։ Սա կազմում է նախապատերազմյան շրջանի արտահանման ծավալների 1/4-րդը։ Եկամուտներ են ստացվում նաև բնական գազի և նավթամթերքի վաճառքից։

Դա արտարժույթի կարևոր աղբյուր է, որը կարելի է օգտագործել չեզոք և բարեկամ երկրներում ապրանքներ գնելու համար։ Եվ քանի դեռ դա չի փոխվել, ՌԴ տնտեսությունը դեռ որոշ ժամանակ կարող է դիմանալ»,- եզրափակում է The Economist-ը։

Back to top button