ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԴ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՐԶ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանում հանրային կարծիքի վրա կազդեն մեր հաջողությունները

Վերջին շրջանում ռուսական շովինիզմի եւ ծայրահեղականության բազմաթիվ դրսեւորումների ականատես եղանք: Այն առավել ցայտուն դրսեւորվեց հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից հետո: Ռուսաստանում հանրային կարծիքի վրա ազդում են նաեւ տեղի որոշ լրատվամիջոցների սպասարկու-լրագրողներ: Եվ նման իրավիճակներում հայերի լավագույն հակահարվածը կարող է լինել ռազմարվեստում, տնտեսությունում, մշակույթում, սպորտում եւ այլ ոլորտներում  ունեցած հաջողություններով` ազդեցությունը հանրային կարծիքի ձեւավորման վրա: Իսկ հայերն, այդ առումով, միշտ աչքի են ընկել լավագույն ավանդույթներով:

Քիկբոքսինգի Ռուսաստանի եւ աշխարհի կրկնակի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնքամարտի Ֆրանսիայի գավաթի մրցանակակիր Սուրեն Ղալաչյանին Գյումրիում եւ Հայաստանում ճանաչում են գրեթե բոլորը: Նա այսօր բնակվում է Մոսկվայում եւ զբաղվում է մարզչական գործունեությամբ, ղեկավարում է ՍԱՌ մարզակումբը, որտեղ հյուրընկալվել են ԳԱԼԱ-ի լրագրողները: Մարզակումբը լավագույններից է. նրա  սաները գերազանց արդյունքներով են աչքի ընկնում. Կան աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ ու մրցանակակիրներ:

Ընդհանրապես Ռուսաստանում հարյուրավոր ծագումով հայ մարզիկներ կան, որոնք զբաղվում են այս մարզաձեւով եւ լուրջ հաջողություններ են արձանագրել: Նրանք պարբերաբար մասնակցում են միջազգային մրցաշարերի: Սուրեն Ղալաչյանի ղեկավարած մարզակումբը միայն հայերի համար չէ. Այստեղ մարզվելու ցանկություն են հայտնում տարբեր ազգերի ներկայացուցիչներ:  

Աշխարհի կրկնակի չեմպիոն Սուրեն Ղալաչյանը գյումրեցի է, լավագույն չեմպիոնական տարիներն անցկացրել է հարազատ քաղաքում: Նրա անձնական մարզիչ Վլադիմիր Պետուխովը, ով նախկինում եղել է քիկբոքսինգի ԽՍՀՄ ֆեդերացիայի փոխնախագահը, այժմ օգնում է Սուրենին: Ավագ սերնդի ջանքերով էլ այսօր մարզաձեւի գաղտնիքներին են տիրապետում պատանի մարզիկները:

Մոսկվայում փայլուն ելույթներով աչքի են ընկնում նաեւ տեղաբնակ եւ հայաստանցի մեր հայրենակից երաժիշտները: «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովի 10-րդ միջազգային փառատոնին եւս  հայաստանցի պատանիները գերազանց ելույթներ ունեցան: Փառատոնին Հայաստանը ներկայացրել են 5  գյումրեցի եւ 1 երեւանցի պատանի երաժիշտ` Գյումրու կոնսերվատորիայի դասախոս, դոցենտ Մարիամ Մարգարյանի գլխավորությամբ:

Հարյուրավոր հայազգի երեխաներ Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամի շնորհիվ  լուրջ մասնագետներ են դարձել, համերգներով հանդես եկել աշխարհի տարբեր երկրներում: Տեսնելով մեր պատանիների ձգտումն ու պատասխանատվության զգացումը, կարելի է չկասկածել նոր սերնդի հաջողություններին, ովքեր փոխարինելու են հայազգի նշանավոր երգահաններին ու երաժիշտ-կատարողներին:

Այս քաղաքում բնակվում եւ ստեղծագործում են բազմաթիվ հայեր, որոնք հայտնի մասնագետներ են սպորտի, երգարվեստի, շոու բիզնեսի եւ տարբեր այլ ասպարեզներում. Նրանք մեծ հեղինակություն են ձեռք բերել, մեծ բեմեր նվաճել` Ռուսաստանում դրական ու գունեղ նրբերանգներով ներկայացրելով հայ եւ Հայաստան անունը: Իսկ նրանց փոխարինողներ անշուշտ կգտնվեն`մեր գենոֆոնդն այդ հնարավորությունը տալիս է:

 

Ավելին
Back to top button