«Քարագլուխը կարևոր ռազմավարական բարձունք է, որտեղից Արցախի բնակավայրերի մեծ մասը երևում է կարծես բռի մեջ է»
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքերով՝ Քարագլուխը կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք է, և այնտեղից Արցախի բնակավայրերի մեծ մասը երևում է կարծես բռի մեջ:
«Ադրբեջանի նպատակն այս փուլում բացառապես Արցախի հայաթափումն է, այսինքն՝ ամեն ինչ անում է, որ առանց լայնածավալ ռազմական գործողությունների Արցախը հայաթափվի: Արցախի հայաթափմամբ Ադրբեջանը ոչ միայն լուծում է Արցախի պատկանելության հարցը, այլ նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հետագայում մնալու հնարավորությունն է դրվում հարցականի տակ, որովհետև պարզ է, որ եթե չկա խաղաղ բնակչություն, ապա ռուս խաղաղապահները այնտեղ անելիք չունեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով՝ այս ժամանակահատվածում քիչ հավանական է, որ Արցախում լայնամասշտաբ գործողություններ լինեն:
«Բայց նաև չի կարելի բացառել, որ կարող է Ադրբեջանը դիմել այնպիսի սադրանքների, ինչպիսին ականատես ենք լինում՝ սկսած 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո»,- ընդգծեց ռազմական փորձագետը:

Կարեն Հովհաննիսյանը, անդրադառնալով ՌԴ ՊՆ-ի հայտարարությանը, որ բանակցությունների արդյունքում Ադրբեջանը հետ է քաշել իր զորամիավորումները Փառուխից, և Ադրբեջանի այդ հայտարարության հերքմանը, հայտարարեց.
«Ենթադրում եմ, որ պայմանավորվածություն է եղել ռուսների և ադրբեջանցիների միջև, որ պետք է դուրս գան Փառուխից և Քարագլուխից, և այդ պայմանավորվածությամբ հանդերձ ռուսական կողմը շտապել և հայտարարություն է տարածել՝ վստահ լինելով, որ ադրբեջանցիները անպայման դուրս են գալու, բայց ինչպես միշտ, ադրբեջանցիները խախտել են պայմանավորվածությունները, դուրս չեն եկել և ռուսներին դրել են անհարմար վիճակի մեջ:
Քարագլուխը կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք է, և այնտեղից Արցախի բնակավայրերի մեծ մասը երևում է կարծես բռի մեջ, և դրա համար Ադրբեջանի համար կարևոր նշանակություն ունի Քարագլուխը: Ընդհանրապես Արցախում ցանկացած գյուղ, ցանկացած բարձունք Ադրբեջանի համար ունի կարևոր ռազմավարական նշանակություն»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
«Այս ժամանակահատվածում ես չեմ պատկերացնում խաղաղություն և չի էլ կարող լինել խաղաղություն, որովհետև հարցը չի գնում սահմանային մեկ հատվածի կամ երկու հատվածի մասին, այլ հարց է գնում ամբողջ սահմանի և կոնկրետ տարածաշրջանի մասին, որտեղ մարդկանց կյանքը վտանգված է թե՛ էթնիկ զտման, թե՛ ֆիզիկական գոյության առումով:
Այնպես որ, այս ժամանակահատվածում խաղաղության մասին խոսելը պարզապես ուղերձ է միջազգային հանրությանը, որ Հայաստանը խաղաղություն է ուզում և ոչ թե պատերազմ»,- եզրափակեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Անահիտ Չալիկյան