Մոսկվայի «Հայորդյաց տանն» ուսանում են նաեւ ռուսները

Մոսկվայի «Հայորդյաց տուն» հայեցի դաստիարակության կենտրոնը նախկինում մանկապարտեզի կիսավեր մի շենք էր, իսկ այսօր հոգեւոր-մշակութային, ազգային-հասարակական կյանքի կարեւոր օջախ: Բակում անգամ հայրենիքի շունչն է`հանրահայտ քանդակագործ Ֆրիդ Սողոյանի «Դուդուկահարը» արձանախումբը, որի նմանօրինակը տեղադրված է նաեւ Գյումրու կենտրոնում, ամբողջացնում է հայկական միջավայրը:
Կենտրոնը գործում է արդեն 7 տարի, իր շուրջը համախմբել է մոսկվաբնակ մեր հայրենակիցներին եւ հնարավորություն ընձեռել ուսումնասիրելու հայոց լեզուն, ժողովրդի եւ եկեղեցու պատմությունը, հայկական մշակույթը: Հայորդյաց տանը գործում են ասմունքի, ազգային նվագարանների, մարզական, ազգային երգի-պարի խմբակներ:
ԳԱԼԱ-ի լրագրողների այցելությունն համընկավ կենտրոնի 51 սաների հրաժեշտի օրվա հետ. Նրանք 4 տարի այս հարկի տակ կրթություն են ստացել, հայերեն սովորել, հաղորդակից դարձել նախնիների հարուստ ժառանգությանը եւ այդ օրն ստացան իրենց վկայականները:
Կենտրոնի գերխնդիրը հայրենիքից հեռու գտնվող մանուկներին ու պատանիներին, նաեւ ավագ սերնդին հայեցի կրթություն եւ դաստիարակություն տալն է: Գործում է կիրակնօրյա 4-ամյա դպրոցը, որը տարբեր տարիքի սաներին տալիս է տարրական հայագիտական կրթություն:
Դպրոցում դասավանդում են հայոց լեզու, հայ ժողովրդի եւ եկեղեցու պատմություն, երգեցողություն եւ հայրենագիտություն: Դպրոց կարող են ընդունվել բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման եւ ազգային խտրականության: Այստեղ կարելի է հանդիպել 15-ամյա շրջանավարտների եւ 65-ամյա առաջին-երկրորդ դասարանցիների:
Հայոց լեզվի եւ պատմության հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ այլազգիները`ռուսներ, հրեաներ, ուկրաինացիներ եւ այլն: Ուսումնասիրում են լեզուն, գրականությունը, նաեւ թարգմանություններ անում, սովորում են նաեւ հայ դասականների բանաստեղծությունները` ասմունքում են դժվարությամբ, բայց` հաճույքով:
Ուսումնական առաջին տարում կենտրոնն ունեցել է 100 աշակերտ, հաջորդ տարիներին այդ թիվը բազմապատկվել է: Դասավանդում են վերապատրաստված մանկավարժներ: Ձեւավորված է ՀՀ ազգային հերոսների անկյունը` ներկայացված նրանց գործունեությունն ու անցած ուղին: Կարեւորում են Անկախության , Հաղթանակի եւ պետական բոլոր տոնական օրերը, նշում են հանդիսավոր միջոցառումներով եւ փորձում հայրենիքից հեռու, բայց սրտին մոտիկ պահել ու պահպանել հայկականն ու հայեցին:
Էդուարդ Մխիթարյան
ՌԴ, ք.Մոսկվա