ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԴ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՐԶ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Չակ Նորիսը` հայկական խոհանոցի երկրպագու

Մոսկվայի «Երեւան» ռեստորանը գտնվում է Շաբոլովկա փողոցում: Աշխատակիցները հպարտորեն նշում  են, որ հայկական համալիրը Ռուսաստանի մայրաքաղաքում ներկայացնում է ազգային խոհանոցի ամբողջ  տեսականին, հայկական ավանդույթները, կենցաղն ու մշակույթը: Ռեստորանը նախկինում այլ անվանում ուներ, սակայն, երբ այնտեղ է ժամանել Մոսկվայի կառավարության կազմը` քաղաքապետի գլխավորությամբ, վերջինս առաջարկել է վերանվանել` Երեւան` պարզ, հասկանալի եւ ըմբռնելի`բոլոր հյուրերի համար: Մոսկվայի «Երեւան» համալիրում աշխատել են Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության իմ գործընկերները:

«Երեւան» ռեստորանը` որպես հայերի բիզնես դիտարկելուց առաջ, նպատակահարմար կլիներ հասկանալ նրա նշանակությունը`ազգային խոհանոցի, մշակույթի եւ հայկական հյուրընկալության կանոններն այլազգիներին  մատուցելու առումով: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերն այստեղ կարող են ոչ միայն համտեսել մեր հող ու ջրի համեղ ուտեստները, այլեւ ծանոթանալ մեր հայտնի հայրենակիցներին, վայելել հայկական բնապատկերներն ու դուդուկի հնչյունները:

Հետաքրքիր է հատկապես Սպայական սրահը, որտեղ 2 ժողովուրդների հերոսական էջերի եւ բարեկամության, հյուրընկալության մի ամբողջ պատմություն է ներկայացված:

5 հարկ ունեցող այս համալիրը հազարավոր այցելուներ է ունեցել, հայազգի մշակութային գործիչներ, շոու բիզնեսի, մարզաշխարհի ներկայացուցիչներ: Բոլորին թվել հնարավոր չէ, այնպես որ որեւէ մեկին չառանձնացնենք: Միայն նշենք այլազգի հյուրերից մեկին` մարտաֆիլմերի հանրահայտ դերասան Չակ Նորիսին, որին հիացրել է հայկական խոհանոցը եւ նա իր տպավորություններով կիսվել է Պատվավոր հյուրերի գրքում:

Խոհարար Հայկ Պողոսյանը դասեր է քաղել ֆրանսիացի պրոֆեսիոնալներից: Չկա բառը նա երբեւէ չի արտաբերում: Փորձում է բավարարել ամենաքմահաճ հաճախորդի պահանջն անգամ: Ճաշացանկը բնականաբար սկսվում է հայկական կերակրատեսակներով` աղցաններ, քյուֆթա, թոնրի խորոված միս, իշխան ձկնատեսակ, չանախ եւ այլն:  Կարելի է ճաշակել նաեւ եվրոպական եւ ռուսական խոհանոցի ուտեստներ, սակայն ամեն դեպքում, ավելի շատ պատվիրում են հայկականը:

Համալիրի շքեղ “Ոսկե սրահը” միաժամանակ կարող է ընդունել միանգամից 200 այցելու: Այստեղ անցկացվում են մասսայական միջոցառումներ` տեղաբնակ հայերի կողմից ընդունված հանդիսասրահ է, քանի որ, ինչպես Արծվի Նավասարդյանն է նշում, ամուսնական կյանքի մեկնարկային ճանապարհի փորձված, հաջողակ վայր է:

Ուրախ, անմիջական միջավայրում ամուսնական զույգեր են կազմում, բարեկամական եւ գործարար կապեր ստեղծվում: Սակայն մոսկովյան Երեւանն առաջին հերթին  մեր հայրենակիցների հավաքատեղին է, որտեղ իր արմատներից հեռացած հայն անգամ հպարտորեն բարձրաձայնում է իր հոր կամ մոր ազգանվան «Յան» վերջավորության մասին:

Ավելին
Back to top button