ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐԴ ԵՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՐԶ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայի հայկական թատրոնը գործում է նկուղում

Մոսկվայի հայկական թատրոնի պաշտոնական բացումը 1922թ.-ին էր՝ Եվգենի Վախթանգովի «Վարդերի հովիտ» ներկայացման առաջնախաղով: 30 տարի անց խորհրդային իշխանությունները`Բերիայի հրամանով փակեցին թատրոնը: Այն իր գործունեությունը վերսկսեց 2002թ.-ին` Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ: Թատերական 20-25 հոգանոց խմբում, որն այսօր գործում է փոքրիկ նկուղային մի հարկաբաժնում,  հայերից բացի, ներգրավված են նաեւ ռուս, հայ, լեհ, ուկրաինացի, հրեա և այլ ազգերի դերասաններ:

Մոսկվայի հայկական թատրոնի ներկայացումների խաղացանկը բազմաժանր է` մանկական ներկայացումներից մինչև հոգեբանական դրամաներ: Ռուսաստանի մայրաքաղաքում նման հայկական կենտրոնի կարեւորության մասին խոսելն ավելորդ է. ռուսահայ երիտասարդներից շատերը  մայրենի լեզվով չեն խոսում, իսկ հայկական արվեստից, մշակույթից  ու պատմությունից տարրական գիտելիքներ անգամ չունեն:

Մինչև օրս Մոսկվայի հայկական թատրոնը Ռուսաստանում չունի սեփական թատերասրահը, 6 տարի ներկայացումները ցուցադրվել են Մոսկվայի հայկական դեսպանատանը, սակայն նորանշանակ դեսպանը հարմար չգտավ, որ թատրոնը մնա այնտեղ. հիմա ներկայացումների համար սրահներ են վարձում, իսկ փորձերն անցկացնում են անհարմար, փոքրիկ այս տարածքում,-ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը::

Ռուսաստանում հայ սերունդ կա, որին պետք է մոտ պահել հայկական մշակույթին,-նշում է Սլավա Ստեփանյանը: Թատրոնը համագործակցում է այլազգի ռեժիսորների, հայտնի դերասանների հետ, որոնց ուղղակի զարմացնում են այս շենքային պայմանները:

Տարբեր միջազգային հեղինակավոր փառատոնների են մասնակցել, այսօր էլ հրավերներ կան աշխարհի տարբեր երկրներից: Մոսկվայում թատերասրահ ունենալու համար դերասաններն ու գեղարվեստական ղեկավարն ակնկալում են հայ  գործարարների աջակցությունը: Բայց ոչ մի արձագանք. Մեծահարուստ հայերի հաշվարկների մեջ հայկական թատրոնը չկա:

Իտալացի ռեժիսոր-բեմադրիչ Դանիելե Գալեան եւս խիստ մտահոգված է հայկական թատրոնի ճակատագրով: Ինչպես նշում է` այստեղ աշխատում են արհեստավարժ դերասաններ, նվիրյալներ եւ նրանք արժանի են ավելի լավ պայմանների:

Սա հայ-ռուսական թատրոն է, եւ մեր առաջնային նպատակը հայ մշակույթը, հայ արվեստը մատուցելն է, — նշում է Սլավա Ստեփանյանը: Սակայն, երբեմն փողն ու քաղաքականությունը ստվերում են արվեստը, մշակույթը, այն մնայունը, որի շնորհիվ է օտարության մեջ հայը մնում հայ:

Ավելին
Back to top button
Close