Նորություններ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ

Մարտի 16-ին Փարիզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության ընդլայնումը կրթության, գիտության և հաղորդակցության ոլորտներում: Նա նշել է նաև, որ Հայաստանը` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ, շարունակում է հավատարիմ մնալ համաշխարհային խաղաղության առաջմղմանը, զարգացմանը և արդյունավետ բազմակողմանիությանը, որոնք Կազմակերպության հիմնասյուներն են:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր ոչնչացմանը և ինքնության խեղաթյուրմանը: Այդ համատեքստում նախարար Միրզոյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի ուշադրությունն է հրավիրել այդ նպատակով Ադրբեջանում պետական աշխատանքային խմբի ստեղծման փաստին: Ընդգծվել է նաև, որ այս գործողությունները բացահայտորեն դեմ են գնում հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության պահպանության վերաբերյալ 2021 թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ կայացված որոշմանը։

ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ստեղծված իրավիճակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտության և հակամարտության գոտում անխոչընդոտ ներգրավվածության հրատապությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Արցախի պատմամշակութային կոթողների պահպանման և վանդալիզմի դեպքերը կանխելու նպատակով։ Ընդգծվել է «Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի կողմից առաջարկված` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի փաստահավաք առաքելության առաջնահերթ իրականացումը:

Back to top button