Նորություններ

Ողբերգական ավտովթար-հրդեհ Շիրակի մարզում. կա 3 վիրավոր. Opel-ում հայտնաբերվել է մոխրացած դի

Այսօր՝ մարտի  13-ին,  ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի  «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում ճակատ-ճակատի բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան և DAF  մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ում հրդեհ է  բռնկվել, իսկ  3 հոգի, որոնցից երկուսը տարբեր  աստիճանի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են Աշոցքի բժշկական կենտրոն, իսկ մեկը՝ Գյումրու բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը:

Բախման հետևանքով Opel-ում հրդեհ է բռնկվել և ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ հրշեջները  մարել են Opel-ում առաջացած հրդեհը, որից հետո ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է մոխրացած դի:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի  հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված  ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Ավետիք Քալաշյանն ու Կարապետ Չալաբյանը,  որպեսզի հետաքրքրասեր  վարորդները ավտոմեքենաները չկայանեն,  խցանում տեղի չունենա, որ հրշեջ-փրկարարները առանց խոչընդոտի կատարեն իրենց աշխատանքը:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավորապես պաշտոնակատար Վարդան Միրզոյանի և քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերալիզոր Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշոցքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

*****
Ֆոտոլրագրողը հայտնում  է, որ քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ  մահացածն ու վիրավորները ծառայում են Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում, ինչի համար էլ տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի  զինվորական քննչական գլխավոր վարչություն և սպասում են, որպեսզի ժամանեն կայազորի քննչական վարչության քննիչները:

Այս պահին տեղում աշխատում են նաև  ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button