«Ադրբեջանի ակտիվությունը պայմանավորված է ռուս-ուկրաինական իրավիճակով». Դ. Բաբայան
«Եթե Ռուսաստանը մասնատվի ու տապալվի, այդ ժամանակ սարսափելի է լինելու բոլորի վիճակը, իսկ եթե ռուս-ուկրաինական պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի սպասելիքները չարդարանան, շատ ավելի հանգիստ և հանդարտ իրավիճակ կլինի տարածաշրջանում»

«Արցախը դեռևս շարունակում է առանց գազամատակարարման մնալ, և սա առաջացրել է մի շարք խնդիրներ: Գազամատակարարման խնդրով ռուս խաղաղապահներն են զբաղվում, բայց ադրբեջանցիները դեռևս չեն թողնում, որպեսզի վերականգնողական աշխատանքներ տեղի ունենան: Ոչ մի մեկնաբանություն չկա Ադրբեջանի այս քայլին, ուղղակի վատություն են անում մեզ, ռուսական կողմին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
Արցախի ԱԳ նախարարի փոխանցմամբ՝ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի իրականացվեն գազամատակարարման վերականգնողական աշխատանքները:
«Միանշանակ չենք կարող ասել՝ դա տեղի է ունեցել տեխնիկական պատճառներո՞վ, թե՞ ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, որովհետև պետք է մասնագիտական փորձաքննություն կատարվի, որպեսզի ամեն ինչ պարզ լինի, բայց հիմա Ադրբեջանը փաստացի խոչընդոտում է այդ աշխատանքներին, իսկ խոչընդոտելն էլ ահաբեկչության մի ձև է»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը:
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով վերջին շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական շփման գծի ուղղություններով իրականացրած սադրանքներին, հայտարարեց.
«Ադրբեջանը մշտապես դիմել է և շարունակելու է դիմել սադրանքների, որովհետև չեն փոխվել Ադրբեջանի մոտեցումներն ու նպատակները, հավակնությունները:
Ադրբեջանական կողմի նման քայլերի պատճառը շատ ակնհայտ է՝ ատելություն Արցախի հայերի և Ռուսաստանի նկատմամբ, բայց այդ քայլերն իրականացնելու համար առիթներ են պետք, և այս ժամանակահատվածում Ադրբեջանի ակտիվությունը պայմանավորված է ռուս-ուկրաինական իրավիճակով, որովհետև նրանց համար հիմա շատ հարմար պահ է, որպեսզի հարձակվի և իրականացնի իր նպատակները:
Հիմա Թուրքիան և Ադրբեջանը գիշեր-ցերեկ աղոթում են, որ Ռուսաստանը քայքայվի, որ սկսվի մասնատման գործընթաց, որպեսզի ավելի շատ տարածքներ գրավեն, հարձակվեն մեզ վրա: Եթե Ռուսաստանը մասնատվի ու տապալվի, այդ ժամանակ սարսափելի է լինելու բոլորի վիճակը, իսկ եթե ռուս-ուկրաինական պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի սպասելիքները չարդարանան, շատ ավելի հանգիստ և հանդարտ իրավիճակ կլինի տարածաշրջանում»,- եզրափակեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
Անահիտ Չալիկյան