«33-ամյա Հրաչ Մանասարյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր, 2 անչափահաս երեխաների հայր». Ակների գյուղապետ
«Հրաչ Մանասարյանը մեր գյուղի բնակիչ է եղել, բայց մոտ տասը տարի է Արարատի մարզ էր տեղափոխվել: Ամուսնացած է, 2 անչափահաս տղա երեխա ունի: Շատ լավ ընտանիք են, ես այդ տղայի մասին միայն լավը կարող եմ ասել: 4-5 տարի կլինի, որ անցել է պայմանագրային ծառայության, մասնակցել է նաև Արցախյան 44-օրյա պատերազմին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասում է Գորիսի Ակներ համայնքի ղեկավար Սպարտակ Մինասյանը:
Գյուղապետն ասում է, որ Հրաչը ընտանիքի կրտսեր զավակն է, քույր ու եղբայր ունի: Գյուղում հարգանք ունեն, իրենց քրտինքով ապրող մարդիկ են:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12։40-ի սահմաններում թշնամու ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը՝ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։