«Ռուսաստանն ունի մեծ ծավալներով մատակարարման կարիք, և Հայաստանը պետք է արագ ուսումնասիրի այդ ապրանքների ցուցակը»
«Երեք կարևոր ուղղություններով կառավարությունը անելիք ունի: Առաջին՝ զբոսաշրջության կոմիտեն, էկոնոմիկայի նախարարությունը և այլ պետական կառույցներ պետք է Ռուսաստանի հետ պայմանագրեր կնքեն և զբոսաշրջիկներ բերեն Հայաստան...»
«Ռուբլու արժեզրկումը գլոբալ ազդեցություն կթողնի արտահանման շուկայի վրա: Մենք բավականին մեծ քանակով խմիչքներ, պահածոներ, մրգեր, բանջարեղեն և այլ վերջնական սպառման ապրանքներ ենք արտահանում Ռուսաստան: Քանի որ ռուբլին մոտավորապես 1,5-2 անգամ արժեզրկվել է, իսկ մեր արտահանողներն էլ ռուբլով են վաճառում ապրանքը, ապա դրամի փոխակերպված ռուբլու ծավալը կլինի փոքր, ինչի արդյունքում մեր արտահանող ընկերությունները տուժում են: Այսինքն՝ կամ այդ ընկերությունները դադարում են արտահանել, կամ պիտի արտահանեն՝ կրելով վնասներ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Գործատուների միության» նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը:
Մակարյանի խոսքով՝ ռուբլու արժեզրկումը նաև կհանգեցնի տրանսֆերտների կրճատմանը:

«Աշխատանքային միգրանտները ռուբլով են գումար ուղարկում իրենց ընտանիքներին, և ռուբլին դրամի փոխակերպելիս այդ ընտանիքները տուժում են, և ընկնում է նրանց գնողունակությունը, ինչն էլ հանգեցնում է տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազման:
Ռուբլու արժեզրկման հետևանքով հնարավոր է, որ աշխատանքային միգրանտների մի մասը վերադառնա Հայաստան, և այն միգրանտները, ովքեր պիտի գնային, հիմա, տեսնելով ստեղծված իրավիճակը, խուսափեն գնալ:
Ռուբլու արժեզրկման հետևանքով սոցիալական լարվածության ուժեղացումը, գործազրկության և աղքատության թիվն է ավելանալու: Ռուսաստանում հայերը աշխատում են երեք հիմնական ոլորտներում՝ առևտուր, հանրային սնունդ և շինարարություն, և այս պայմաններում հնարավոր է, որ մեր հայրենակիցները չկարողանան այս ոլորտներում աշխատանք գտնել»,- ընդգծեց տնտեսագետը:
Այս իրավիճակում Հայաստանի կառավարությունն ի՞նչ անելիքներ ունի, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս տնտեսությունը զերծ մնա ցնցումներից:
Հարցադրմանն ի պատասխան՝ Գագիկ Մակարյանը հայտարարեց.
«Երեք կարևոր ուղղություններով կառավարությունը անելիք ունի: Առաջին՝ զբոսաշրջության կոմիտեն, էկոնոմիկայի նախարարությունը և այլ պետական կառույցներ պետք է Ռուսաստանի հետ պայմանագրեր կնքեն և զբոսաշրջիկներ բերեն Հայաստան:
Այն ռուսները, ովքեր չեն կարող գնալ եվրոպական երկրներ և այլ երկրներ հանգստանալու, գան Հայաստան, և եթե մենք 2 մլն զբոսաշրջիկ բերենք Հայաստան, և եթե ամեն զբոսաշրջիկ 500 դոլար ծախսի Հայաստանում 3-5 օրվա համար, դա 2 մլն զբոսաշրջիկի պարագայում կազմում է 1 մլրդ. դոլար: Կառավարությունը այս ուղղությամբ պիտի ճկուն քաղաքականություն վարի և դրսևորի հետաքրքրություն:
Երկրորդ՝ «Аэрофлот»-ը և այլ ավիաուղիներ չեն թռչելու շատ երկրներ, և Հայաստանը կարող է դառնալ այն հարթակը, որի միջոցով կիրականացվեն այդ թռիչքները:
Այսինքն՝ «Аэрофлот»-ը ուղևորներին բերում է Երևան, և Երևանից հայկական ավիաուղիները տանում են այլ երկրներ:
Հայաստանը կարող է վարձակալել «Аэрофлот»-ի ինքնաթիռները, որոնք այս պահին պարապուրդի մեջ են գտնվում: Մենք կարող ենք տրանզիտային երկիր դառնալ:
Մյուս կարևոր ուղղությունն այն է, որ Ռուսաստանն ունի մեծ ծավալներով մատակարարման կարիք, և Հայաստանը պետք է արագ ուսումնասիրի այդ ապրանքների ցուցակը:
Հայաստանը, ճիշտ է, շատ ապրանքների մասով մեծ քանակներ չի կարող արտադրել, բայց որպես գործընկեր կարող է դրանք վերցնել Իրանից, որը ունի հարուստ տնտեսություն: Հայաստանը դրանք կարող է վերցնել վերամշակել, վերափաթեթավորել կամ կարող է պարզապես միջնորդ լինել»,- եզրափակեց Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը:
Անահիտ Չալիկյան