«Տղան ամեն անգամ հարվածում է աղջկան, ծաղիկները երեսին նետում, խմած է գալիս, բայց աղջիկն ասում է՝ լավ հարաբերություններ եմ հաստատում»

ՔՊ-ն չներկայացավ «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության հարցով ԱԺ արտահերթ նիստին: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում նշում է.
«Սա եւս մեկ անգամ հաստատում է, որ հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանը շարժվում է թուրքական նախապայմաններով, Հայաստանի իշխանությունները շարունակում են ուղղակի ենթարկվել Ադրբեջանի բոլոր ծավալապաշտական պահանջներին»:
Անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանը հայ-թուրքական, հայ -ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բարդ փուլում, չխոսելով «Շուշիի հռչակագրի» մասին, ձգտում է չտապալել գործընթացը, Գեղամ Մանուկյանն ընդգծեց.
«Սա նման է, երբ որ տղան եւ աղջիկը սկսում են հանդիպել իրար հետ, դեռ նոր-նոր է հարաբերությունը, տղան ամեն անգամ հարվածում է աղջկան, ծաղիկները երեսին է նետում, խմած է գալիս, բայց աղջիկն ասում է, լավ, հարաբերություններ եմ հաստատում, ամեն ինչ հանդուրժեմ: Բայց չէ՞ որ հասկանալի է, որ տղայի այդ վարքը շարունակվելու է: Թուրքիան բոլոր հարցերում իր նախապայմաններից չի հրաժարվել»:
Իսկ խորհրդարանական ընդդիմությունը պատրա՞ստ է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված հռչակագիրը դատապարտող հայտարարությամբ հանդես գալ խորհրդարանում: Գեղամ Մանուկյանը Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը համարում է անհանգստացնող:
«Այստեղ միգուցե իր դերն ունի նաեւ ռուսական հետաքրքրությունները տարածաշրջանում՝ Թուրքիայի ներկայության ավելացվման հետ մեկտեղ, բայց նաեւ պետք է նայենք իրականությունը, որ ռուսներն այս փաստաթուղթը ստորագրելուց ազատ են եղել, հայկական կողմից չի եղել որեւէ դիվանագիտական քայլ՝ խափանելու, խոչընդոտելու»: