Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Կիմ Չեն Ընը հոր մասին 30ր.-ոց ելույթ է ունեցել. ժողովուրդը զգաստ կանգնել է -15° ցրտին

Մինչ Կիմ Չեն Ընը 30 րոպեանոց ելույթ է ունեցել՝ նվիրված իր հոր ծննդյան 80-ամյակին, օդի ջերմաստիճանը հասել է -15 աստիճանի, եւ հավաքվածներն այդ ամբողջ ընթացքում զգաստ կանգնած են եղել:

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ստիպել է հարյուրավոր մարդկանց սառչել՝ երկարատեւ ելույթ ունենալով իր հոր՝ Կիմ Չեն Իրի մասին։ Միաժամանակ, Կիմ Չեն Ընը և նրա մերձավոր անձինք բեմի տակ թաքցրած տաքացուցիչներ են օգտագործել:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է Daily Mail-ը։

Մինչ Կիմ Չեն Ընը 30 րոպեանոց ելույթ է ունեցել՝ նվիրված Կիմ Չեն Իրի ծննդյան 80-ամյակին, օդի ջերմաստիճանը հասել է -15 աստիճանի։ Հավաքվածներն այդ ամբողջ ընթացքում զգաստ կանգնած են եղել, մեծ մասը՝ առանց ձեռնոցների, շարֆերի կամ գլխարկների։

Որոշ լրագրողներ, նկատելով կարմիր գորգի տակով անցնող լարերը, ենթադրել են, որ դրանք տանում են դեպի տաքացուցիչներ, որոնք օգտագործվում էին կոմունիստական ​​պետության վերնախավին ջերմություն ապահովելու համար:

Կիմ Չեն Ընի հոր մեծարումը հետաձգվել էր COVID-19 համաճարակի պատճառով։ Փխենյանում կազմակերպվել էր նաեւ երեկոյան գալա համերգ և հրավառություն: ԿԺԴՀ-ի մայրաքաղաքում գտնվող օտարերկրյա դիվանագետները եւս հրավիրվել են տոնակատարությանը։

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայում վավերագրական ֆիլմ էր թողարկվել՝ նվիրված 2021 թվականին երկրի ղեկավարի գործունեությանը։ Ֆիլմի հեղինակները հատուկ ուշադրություն են դարձրել Կիմ Չեն Ընի առողջական խնդիրների մասին լուրերին, որոնք սկսել էին տարածվել նրա կտրուկ նիհարելուց հետո։

Ներկայացվում է այն պահը, թե ինչպես է ԿԺԴՀ-ի նիհարած առաջնորդն իր շրջայցներից մեկի ժամանակ դժվարությամբ իջնում ​​աստիճաններով: Մեկնաբանությունում նշվում է, որ քաղաքական գործիչն ամբողջովին հյուծվել է, քանի որ շատ անհանգստացած է եւ աշխատում է իրականացնել իր ժողովրդի երազանքները:

Back to top button
Close