Նորություններ

Հրավիրվել է Արցախի ԱԺ հերթական նիստը. օրակարգում «Բռնազավթված տարածքների մասին» նախագծի փաթեթի քննարկումն էր

Փետրվարի 16-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը:

Օրակարգում «Բռնազավթված տարածքների մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն էր: Այն արդեն անցել էր հանձնաժողովային քննարկման փուլը և հերթական նիստին էր ներկայացվել դրական եզրակացությամբ:

Հիմնական զեկուցող Արթուր Մոսիյանը  նախագծերի փաթեթը ներկայացնելիս նշել է, որ խորհրդարանը  Արցախի բռնազավթված տարածքների վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացրել էր 2021 թվականի մարտի մեկի հայտարարությամբ, քննարկվող նախագծերի փաթեթի ընդունմամբ էլ օրենքի տեսք է ստանալու այդ դիրքորոշումը:

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի խոսքով օրինափաթեթը անվտանգության բաղադրիչ է պարունակում:

Կառավարության եզրակացությունը ներկայացրել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Նա կարևորել է օրինափաթեթի ընդունումը Արցախի ժողովրդի անցյալի, ներկայի ու ապագայի հանդեպ ունեցած տեսլականն ամրագրելու տեսանկյունից:

Օրինափաթեթը քվեարկության է դրվել ու միաձայն ընդունվել առաջին ընթերցմամբ: Մինչև փետրվարի 17-ի ժամը 17:00-ը պատգամավորներն ու գործադիրը առաջարկություններ անելու հնարավորություն ունեն:

Նիստի ավարտին հայտարարություններով հանդես են եկել պատգամավորներ Սեյրան Հայրապետյանն ու Սևակ Աղաջանյանը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Back to top button