30 տարի ինքնիշխանության բուրգին քար ավելացնելու փոխարեն տակից քաշել ենք

«Կարևորի մասին» հաղորդման հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։
Նրա խոսքերով, Ազգային ժողովից իր դուրս գալը չէր կարող նշանակել հանրային ակտիվության ավարտ, քանզի նա մինչ այդ 20-22 տարվա լրագրական և այնուհետ հասարակական կազմակերպությունում գործունեության փորձ ուներ։ Քաղաքական գործունեությունը, այնուամենայնիվ, որոշակի կապանքներ է դնում, սակայն արդյունավետության տեսակետից, մանավանդ այսօր, պատգամավորական մանդատը ավելի մեծ հնարավորություններ կտար։
Ըստ տիկին Աբրահամյանի՝ այն փուլում քաղաքականություն մտնելու առաջարկը ընդունելը լիովին արդարացված էր։ Սակայն երկար մտածել էր՝ հասկանալով, որ կապանքներ լինելու են, և ինքն իր համար սահմանել էր «կարմիր գծեր»։ Թեև քաղաքականությունը կոմպրոմիսների արվեստ է, բայց «կարմիր գծերի» սահմանումը նույնքան կարևոր է։ Ասում է՝ իր համար դա ժողովրդավարության սկզբունքներն են, և դրանք հատելուց հետո հրաժարական տվեց։
Առաջին հրաժարականը դեռ պատերազմից առաջ էր՝ սեպտեմբերին, երբ ընտրվեցին Սահմանադրական դատարանի երեք դատավոր, որից երկուսի թեկնածությունը հյուրի տեսակետից բացարձակապես անընդունելի էին։ Երբ սկսվեց պատերազմը, դիմումը հետ վերցվեց, որովհետև կարիք կար եվրոպական կառույցների հետ աշխատանքի։
Քաղաքացիական հասարակության մոտեցումը հեղափոխության առաջին փուլում՝ աջակցելն էր, հատկապես մարդու իրավունքների, դատական համակարգի բարեփոխումների, հայեցակարգերի ձևավորման հարցերում։ Երբ ժողովրդավարական արժեքներից հետընթաց արձանագրվեց, քաղաքացիական հասարակությունն ընկավ կրկնակի հարվածի տակ։
Գայանե Աբրահամյանը մտահոգ է եղբայրական գերեզմանների տեղերի բացահայտման վերաբերյալ Ադրբեջանի պահանջներից։ Եթե նույնիսկ այդպիսի գերեզմաններ կան, նորմալ պայմաններում դրանք մանրակրկիտ և օբյեկտիվորեն կուսումնասիրվեին, կբացահայտվեին բոլոր դետալները։ Ադրբեջանի միակողմանի գործողությունները, բնականաբար, մեկ «արդյունք» են ունենալու՝ «ադրբեջանցիների ցեղասպանության» թեզերը առաջ տանելու՝ Հաագայում հայկական հայցի հետևանքներն իրենց համար չեզոքացնալու նպատակով։
Չնայած միջազգային ատյանների միանշանակ գնահատականներին և արգելքին՝ Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային շերտի «աղվանացման» գործընթացը։ Ըստ որում, այս վերջին հնարքն առավել վտանգավոր է, քանզի փորձ է արվում հարցը դուրս հանել իրավական ոլորտից, Հաագայի դատարանի և միջազգային կառույցների իրավասությունից և մտցնել իբր գիտական քննարկումների դաշտ։ Իբր դա մասնագետների քննարկման ոլորտ է և չի կարող դիտարկվել որպես էթնիկ զտումների դրսևորում։ Եթե մենք այսօր չհակադրվենք դրան, հետևանքները կարող են շատ բացասական լինել։