ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Ինձ ասացին, որ Վաղարշս վիրավոր է, բայց ես հասկացա, որ սուտ է, և այլևս չկա իմ զավակը»

«Աշխատում էի վանել վատ մտքերը... ինձ ասացին, որ Վաղարշս վիրավոր է, բայց ես հասկացա, որ սուտ է, և այլևս չկա իմ զավակը». հերոսի մայր

Արցախյան պատերազմում զոհված պահեստազորային սերժանտ Վաղարշակ Մուրադյանը ծնվել և մեծացել է սասունցիների ընտանիքում: Պատվախնդիր տղամարդու համար հայրենիքը վերանձնական արժեք էր:

«Պատերազմի լուրն  ընդունեց  անասելի ցավով… տեղը չէր գտնում, որ 18 տարեկաններն են պահում սահմանը: Դիմել էր զինկոմիսարիատ, որպեսզի մասնակցի հայրենիքի պաշտպանությանը: Ամեն րոպե սպասում էր, որ իրեն էլ կկանչեն, Վաղարշս դավաճանություն էր համարում 18 տարեկանի կողքին չկանգնելը:

Ես ու հայրը չկարողացանք ասել՝ չգնաս, որովհետև նրա բոլոր որոշումները հարգված էին մեր ընտանիքում, մենք վստահ էինք, որ Վաղարշս երբեք սխալ որոշում չէր կայացնում:

Հոկտեմբերի 16-ին Սովետաշենից տեղափոխել են Ջրական, որտեղ էլ զոհվել է հոկտեմբերի 18-ին: Գնալուց ասաց՝ ինձ կանչել են, ուրեմն հայրենիքն իմ կարիքն ունի, ու ես պիտի գնամ: Ասում էր՝ եթե չգնանք, ո՞նց ենք նայելու 18 տարեկանների ծնողների աչքերին. ես գնում եմ, դուք՝ չգիտեմ, հայրենիքս իմ պաշտպանության կարիքն ունի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված պահեստային սերժանտ Վաղարշակ Մուրադյանի մայրը՝ Շուշանիկ Հարությունյանը:

Հավասարակշռված, զուսպ, նպատակասլաց, համարձակ էր, աննկուն. այսպես է բնորոշում որդեկորույս մայրը հերոս տղային:

«Գնահատում էր մաքուր ու ճիշտ հարաբերությունները, ընկերասեր էր. նրա ընկերությունը սոսկ ընկերասիրություն չէր, այն լեգենդ էր ընկերասիրության մասին։ Սիրված էր ու հարգված բոլորի կողմից»,- պատմում է տիկին Շուշանիկը:

Արցախյան պատերազմում զոհված հերոսի մայրն ասում է, որ վախեցել է իր երազների ու զգացողության մասին խոսել, տագնապ է զգացել, բայց հույս է ունեցել, որ որդին կգա:

«Ես զգացի, որ էլ ոչինչ չի հասցնի անել իմ տղեն, բայց աշխատում էի վանել վատ մտքերը: Հոկտեմբերի 18-ի լուսաբացին է զոհվել, ինձ ասացին, որ Վաղարշս վիրավոր է, բայց ես հասկացա, որ սուտ է, և այլևս չկա իմ զավակը»:

Արցախյան վերջին պատերազմը Մուրադյանների ընտանիքում էլ է կյանքը երկփեղկել՝ մինչև պատերազմը և պատերազմից հետո:

«Պատերազմից առաջ  ես հարուստ, երջանիկ և երազող մայր էի, պատերազմը խլեց իմ հարստությունը, իմ երջանկությունը, իմ երազանքները, ես դարձա պայքարող մայր:

Մայրերը պիտի պայքարեն, անկախ ամեն ինչից, հայրենասեր սերունդներ դաստիարակելու համար:

Վաղարշակի մայրը լինելն արդեն իսկ օրհնություն է, ես սա ասում եմ ոչ որպես Վաղարշակի մայր՝ մայրական աչքերով նայելով, այլ  որպես  մանկավարժ՝ մանկավարժի աչքերով գնահատելով։ Մեծ հպարտություն է Վաղարշակի մայրը լինելը, ցավոտ հպարտություն, որ նաև ապրելու, պայքարելու ուժ է տալիս»,- եզրափակեց հերոսի մայրը՝ Շուշանիկ Հարությունյանը:

Վաղարշակ Սարգսի Մուրադյանը ծնվել է 1989թ. հուլիսի 3-ին Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում:

Անահիտ Չալիկյան

 

 

Back to top button