«Ինչպե՞ս են դատավորներին կոռումպացնում և «փչացնում»»

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում փաստաբան Հայկ Ալումյանը անդրադարձել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
«Ենթադրենք՝ պարոն Բախշիյանը ինչ-որ մեկին կալանավորել է ապօրինաբար: Ենթադրենք՝ կալանավորման հիմքեր չեն եղել, ենթադրենք՝ կալանավորման գործընթացը տեղի է ունեցել օրենքի խախտմամբ: Մի պահ ենթադրենք: Եվ ի՞նչ. դրանից հետևում է, որ պարոն Բախշիյանին պետք է մեղադրա՞նք առաջադրվի, և արդյո՞ք դրանից հետո պարոն Բախշիյանի նկատմամբ պետք է միջնորդությո՞ւն ներկայացվի նրան կալանավորելու»:
Հայկ Ալումյանը նկատում է՝ կան Եվրոպական դատարանի կողմից բավարարված գանգատներ, որոնք վերաբերում են ապօրինի կալանավորումներին: Այսինքն, շատ դեպքերում ՄԻԵԴ-ը գտել է, որ Հայաստանի դատարանները այս կամ այն անձին կալանավորել են Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտմամբ: Փաստաբանը հարց է տալիս. եթե Բորիս Բախշիյանին ապօրինի կալանավորման համար մեղադրանք է առաջադրվում, ապա ինչո՞ւ մեղադրանք չեն առաջադրում մյուս դատավորներին: Չէ՞ որ այս դեպքում նաև Եվրոպական դատարանի կողմից է հաստատվել, որ կալանավորումը եղել է ապօրինի:
«Եկեք այդ չափանիշը կիրառենք հավասարապես բոլորի նկատմամբ: Եվ եթե մենք տեսնում ենք, որ պարոն Բախշիյանի նկատմամբ այս չափանիշը կիրառվում է մի ձևով, իսկ մյուսների նկատմամբ՝ ուրիշ ձևով, այստեղ հաջորդ հարցն է առաջ գալիս. այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված այս տարբերակված մոտեցումը»:
Անդրադառնալով հարցադրմանը, թե քաղաքական իշխանությունը կարող է ասել, որ սկսել է դատական համակարգը «մաքրվելու» գործընթացը, և կալանավորում են դատավորին, ով ապօրինի որոշումներ է կայացրել, փաստաբան Հայկ Ալումյանը նշել է.
«Լավ, եթե սկսել են Բախշիյանից, պատրա՞ստ են շարունակել և մեղադրանքներ առաջադրել անխտիր բոլոր այն դատավորներին, ովքեր կիրառել են ապօրինի կալանավորումներ, և ում որոշումների վերաբերյալ արդեն Եվրոպական դատարանն իր գնահատականները տվել է: Եթե դա այդպես է, հավանաբար պետք է սկսեն Վճռաբեկ դատարանից:
Եթե քաղաքական իշխանությունները ասեն, որ այստեղ խնդիրն այն էր, թե ում առաջինը պետք է մեղադրանք առաջադրեն, ում՝ վերջում, ում՝ մեջտեղում, այդ փաստարկն էլ պատրաստ եմ ինքս նորմալ համարել, եթե իրենք պատրաստ են այսօր երեկոյան կամ վաղը մնացածներին մեղադրանքներ առաջադրել: Ես կնայեմ, կասեմ՝ այ այս հարցում թեև համամիտ չեմ, բայց գոնե երեսպաշտությունը բացակայում է, որ երկակի ստանդարտ չկա: Իսկ այս մարդիկ ամեն քայլափոխի երկակի ստանդարտներ են կիրառում, կեղծ փաստարկներ ներկայացնում՝ քողարկելով իրենց իրական նպատակները:
Իրենք չեն ուզում ունենալ արդար դատական համակարգ, իրենք ուզում են ունենալ իրենց ծառայող դատական համակարգ: Իսկ եթե դատավորը սկսեց իշխանության պատվերները կատարելու համար օրենք «ծռել», մի օր էլ սկսում է իր համար այդ օրենքը «ծռել»»: