Նորություններ

Արցախի հարցով բանավոր խոստում եղե՞լ է. Սերժ Սարգսյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանին

Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ Ադրբեջանի կողմից բացարձակ որևէ ճնշում, որևէ զիջում, գրավոր կամ բանավոր պայմանավորվածություններ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո չեն եղել։
2016-ի ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկություն ենք ստացել, և դրանք որևէ կերպ չէին խախտում այն կարմիր գծերը, որ մենք մշտապես ունեցել ենք։ Այսօր հրապարակված հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում նրա կողմից ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

«Կարմիր գծեր ասելով` նկատի ունեմ ԼՂ ինքնորոշման հարցը, ՀՀ–ի և ԼՂ միջև ցամաքային սահմանի առկայությունը և միջազգային հանրության կողմից ԼՂ իշխանությունների ճանաչումը` որպես լեգիտիմ ընտրված մարդիկ, որը մի տեղ կոչվում էր ճանաչված կարգավիճակ, մեկ այլ տեղ էլ` միջանկյալ։ Բացի այս, կար նաև չորրորդ կետ` անվտանգության երաշխիքները։ Իսկ մեր կարծիքով` անվտանգության ամենակարևոր երաշխիքն անկախությունն է»,–ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ բացարձակապես որևէ բանավոր խոստում չի եղել. դա իրենց գործելաոճը չէ՝ բանավոր պայմանավորվածությունների համաձայն ինչ-որ բաներ զիջել։
Սարգսյանը նշեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ձեռք է բերվել միայն պատերազմը դադարեցնելու բանավոր պայմանավորվածություն։
Նա ասաց` նոր փաստաթուղթ չի կնքվել, ինչը հաստատել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները` ասելով, որ պետք է հիմք ընդունել 1994-ին կնքված պայմանագիրը։
Սերժ Սարգսյանը վստահեցնում է` պատերազմը դադարեցնելու հիմքը չի եղել ՀՀ–ի սկզբունքներից որևէ մեկից հրաժարվելը։
Հիշեցնենք՝ 2016թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում, ինչի հետևանքով հայկական կողմն ավելի քան 100 զոհ ունեցավ:
Ռազմական գործողությունները դադարեցվեցին ապրիլի 5-ի կեսօրին։

Back to top button