Նորություններ

ՔՊ-ական թեկնածուի համակիրները դարձյալ բողոքում են. նրանք հրաժարվում են Արփի համայնքի փաստաթղթերը հանձնել Ամասիայի նորընտիր համայնքապետ Ջեմմա Հարությունյանին

Այսօր առավոտյան նախկին խոշորացված Արփի համայնքի կենտրոն Բերդաշեն գյուղում էին հավաքվել անցած տարվա դեկտեմբերի 5-ին կայացած Ամասիայի ՏԻՄ ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Մերգել Ղարիբյանի համակիրները: 9 բնակավայրերի բնակիչները պահանջում էին, որ իրենց խոշորացված համայնքի թղթաբանությունը չհանձնվի համայնքի նոր ղեկավարությանը:

Ինչպես հայտնի է, 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում միավորվել են մեկ անգամ արդեն խոշորացված Արփի և Ամասիա համայնքները: Ընտրապայքարի դուրս եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 18 ձայնի առավելություն ուներ «Արփի-Ամասիա» դաշինքի նկատմամբ, և 2 քաղաքական ուժն էլ ավագանու 6-ական մանդատ էր ստանալու: Բայց ՔՊ-ի ներկայացուցիչները Արփի համայնքի նախկին ղեկավար Մերգել Ղարիբյանի գլխավորությամբ հրաժարվեցին իրենց մանդատներից, իսկ «Ամասիա-Արփի» դաշինքը 3 մանդատ ստացած Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ 9 անդամով ավագանի ձևավորեց ու համայնքի ղեկավար ընտրեց դաշինքի առաջին համարին՝ Ամասիա նախկին խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանին:

Նա արդեն 2 ամիս է պաշտոնավարում է, բայց դեռ Արփի համայնքի փաստաթղթերի ընդունում-հանձնում չի կատարվել: Արփիի բնակիչների խոսքերով՝ Ջեմմա Հարությունյանն իրենց համայնքից ընդամենը 10 տոկոս քվե է տարել, բնակիչների մյուս 90 տոկոսը քվեարկել է Մերգել Ղարիբյանի օգտին և չի պատրաստվում համայնքի կառավարումը հանձնել Ջեմմա Հարությունյանին: Ըստ բնակիչների՝ իրենք այդ մասին 2-3 օր առաջ հայտնել են նաև Ջեմմա Հարությունյանին, ով տեղակալների հետ այցելել էր Բերդաշեն, Ծաղկուտ, Գառնառիճ բնակավայրեր ու հանդիպել բնակիչների հետ:

Ամասիայում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները չեղարկելու հայցով Մերգել Ղարիբյանը օրեր առաջ դիմել էր վարչական դատարան: Նրա խոսքերով՝ այսօր դատարանը մերժել է իրենց հայցը: Փաստաթղթերի ընդունում-հանձնում, ըստ Մերգել Ղարիբյանի, իրենք չեն պատրաստվում անել, քանի որ վարչական դատարանի որոշումը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում: Նրանց պահանջն է՝ անվավեր ճանաչել նաև ավագանու 9 անդամով համայնքի ղեկավար ընտրելու որոշումը:

Կարինե Կազարովա

Back to top button