ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

«Անդրեասը վառվել է, փամփուշտները տրաքել են ձեռքերի մեջ, սակայն գիտակցությունը չի կորցրել. գնացել է վրան ջուր է լցրել, մինչև որ ընկերները հասել են օգնության». Անդրեասի պայքարը ավարտվել է նոյեմբերի 6-ին

Հոկտեմբերի 28-ին Անդրեասը վիրավորվել է, ստացել այրվածքներ: Ժամկետային զինծառայողը ընկերների հետ գնացել է զենքերը լիցքավորելու, ձեռնոցները մոռացել է, հետ է գնացել, որ վերցնի, սակայն ընկերներից հետ է ընկել: Արկերի ձայնը լսելուն պես թռել է խրամատի մեջ, սակայն արկն ընկել է հենց իր վրա: Երկու անգամ կրակել են իրենց դիրքի վրա, երկուսն էլ իր վրա է ընկել: Անդրեասը վառվել է, փամփուշտները տրաքել են ձեռքերի մեջ, սակայն գիտակցությունը չի կորցրել: Գնացել է վրան ջուր է լցրել, մինչև որ ընկերները հասել են օգնության:

Անդրեաս Անդրեասյանը 4 ամսվա ուսանող  էր, ուսումը կիսատ թողնելով՝  զորակոչվել է բանակ: Չնայած առողջական խնդիրներին՝ Անդրեասը ինքնակամ ստորագրություն էր տվել ու խնդրել էր, որ իրեն տանեն ծառայության: 2020թ. հունվարի 19-ին Անդրեասը զորակոչվել է բանակ: Ծառայության է անցել Ասկերանի զորամասում։ Հրետանավոր, վարորդ Անդրեասը 31 օր շարունակ համառ մարտեր է մղել թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների դեմ, վիրավորվել է հոկտեմբերի 28-ին Ակնայում:

«Անդրեասը շատ արագ հարմարվեց ծառայությանը, նրա համար տարբերություն չկար՝ Արցախում կծառայի, թե Հայաստանի որևէ այլ բնակավայրում, կարևորն այն էր, որ ինքը  պաշտպանելու է իր երկրի սահմանները:

Ծառայության ընթացքում ավելի լրջացել էր, կարծես միանգամից մեծացած լիներ: Պատերազմից տասը  օր առաջ մենք ընտանիքով գնացել էինք Անդրեասին տեսնելու, փոխվել էր, ասում էր, որ փոքր եղբոր կարոտին չի դիմանում:

Սեպտեմբերի 16-ից որդիս բարձրացել է դիրքեր, պատերազմի ժամանակ Աղդամում են եղել և մինչև վերջ պահել իրենց վստահված դիրքերը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Արցախյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Անդրեաս Անդրեասյանի հայրը՝ Տիգրան Անդրեասյանը:

Անդրեաս Տիգրանի Անդրեասյանը ծնվել է 2001թ. դեկտեմբերի 5-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում: Դպրոցն ավարտել է 2019թ. և ընդունվել ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: 2020թ. հունվարի 19-ին Անդրեասը զորակոչվել է բանակ: Ծառայության է անցել Ասկերանի զորամասում։ Պատերազմի ժամանակ նրան տարել են Աղդամի դիրքեր:

Հոկտեմբերի 28-ին Անդրեասը վիրավորվել է, ստացել այրվածքներ: Ժամկետային զինծառայողը ընկերների  հետ գնացել է զենքերը լիցքավորելու, ձեռնոցները մոռացել է, հետ է գնացել, որ վերցնի, սակայն ընկերներից հետ է ընկել: Արկերի ձայնը լսելուն պես թռել է խրամատի մեջ, սակայն արկն ընկել է հենց իր վրա: Երկու անգամ կրակել են իրենց դիրքի վրա, երկուսն էլ իր վրա է ընկել: Անդրեասը վառվել է, փամփուշտները տրաքել են ձեռքերի մեջ, սակայն գիտակցությունը չի կորցրել: Գնացել է վրան ջուր է լցրել, մինչև որ ընկերները հասել են օգնության:

«Անդրեասը համարյա ամեն օր զանգում էր, շատ կարճ խոսում էինք, ու մեզ վստահեցնում էր, որ իրենց մոտ ապահով է: Երբ հետը խոսելիս կրակում էին, ասում էր՝ մեզ մոտ հրավառություն է: Ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, անհանգստանալու կարիք չկա։ Խուսափում էինք  հեռախոսով հարցեր տալուց։ Մի անգամ ասաց՝ մենակ տեսնես ինչ ենք անում, մեր խփածը խփած է: Հոկտեմբերի  28-ին ես գնացի  Արցախ, այդ  օրը  մի քանի  անգամ խոսել ենք տղայիս հետ, մի  քանի բան էր ուզել, ես դրանք պիտի  տանեի, բայց մինչև  իմ տեղ  հասնելը արդեն վիրավորվել  էր, և ես տղայիս Ստեփանակերտի  հիվանդանոցում տեսա:

Այրվածքներ ուներ, տղայիս տեղափոխեցինք Երևան, օր օրի լավանում էր, վիճակը կայուն էր, միայն սպասել էր պետք, որ վերքերը լավանան: Յոթ օր բժիշկները պայքարեցին տղայիս կյանքի համար, նոյեմբերի 6-ին բժիշկը զանգեց և ասաց, որ տղայիս սիրտը կանգ է առել»,- պատմում է հերոսի հայրը:

Տիգրան Անդրեասյանն ասում է, որ ցավն ու հպարտությունը խառնվել են իրար. պարծանքի ու հպարտության հետ մեկտեղ ծնողական ցավը այնքան հզոր է, որ չի կարող ճնշվել մյուս զգացմունքների կողմից:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button