Սովորական միրգ՝ արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու համար
Մասնագետը որպես արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորող այլ մթերքներ նշել է վարսակը, ամբողջահատիկ մթերքները, բանջարեղենը և լոբազգիները:

Մրգերը, որոնք հարուստ են բջջանյութով, հակաօքսիդանտներով և այլ նյութերով, կարող են նվազեցնել 2-րդ տիպի շաքարախտի զարգացման հավանականությունը և բարելավել արյան մեջ շաքարի մակարդակը:
Սննդաբան, փորձագետ Ռոբ Հոբսոնը հայտարարել է, որ նախուտեստներից մեկը, որը կարող է նվազեցնել շաքարի մակարդակը, խնձորն է:
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, գրում է Express-ը։
Սննդաբանի խոսքով՝ խնձորի օգտակարության գրավականը բջջանյութի պարունակությունն է։
Երբ մարդն օգտագործում է ածխաջրեր, օրգանիզմն արագորեն դրանք վերածում է շաքարի, ինչը կարող է հանգեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացման: Սակայն եթե մթերքը հարուստ է բջջանյութով, գործընթացը դանդաղում է, մանրամասներով կիսվել է մասնագետը։
Մեկ այլ պատճառ, թե ինչու է խնձորը հիանալի նախուտեստ դիաբետիկների համար, ցածր գլիկեմիկ ինդեքսն է:
Հոբսոնը որպես բջջանյութերի այլ լավ աղբյուրներ նշել է վարսակը, ամբողջահատիկ մթերքները, բանջարեղենը և լոբազգիները։
Հարվարդի հանրային առողջության դպրոցի տվյալներով՝ բջջանյութն օգնում է կարգավորել օրգանիզմի կողմից շաքարի օգտագործումը, վերահսկել քաղցը և գլյուկոզայի մակարդակը: